Հայաստանն ու Վրաստանը պատրաստ են խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, առևտրի ակտիվացմանն ու ամբողջ ներուժի օգտագործմանը: Այդ մասին խոսվել է այսօր ընդլայնված հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի վարչապետները:
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշելով, որ հայ և վրացական հարաբերություններն ունեն պատմական խոր արմատներ:
«Այսօր մենք մտել ենք երկկողմ հարաբերությունների համագործակցության զարգացման մի նոր փուլ: Հայ-վրացական համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչը և բանալի է հանդիսանում հետագա հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար: Մեր պատվիրակությունը պատրաստ է քննարկել տնտեսական համագործակցության արդիական հարցերը, ինչպես երկկողմ, այնպես է տարածաշրջանային զարգացման առումով: Մենք կաշխատենք գտնել համագործակցությունը ակտիվացնելու նոր ուղիներ»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են՝ այն ներուժը, որը առկա է տնտեսական համագործակցության ոլորտում լիարժեք չի օգտագործվում, չնայած երկկողմ առևտրատնտեսական ցուցիչների աճի:
Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են նաև հայ-վրացական համագործակցության հարցերը տնտեսության, առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում:
Գիորգի Կվիրիկաշվիլին և Կարեն Կարապետյանը վստահություն են հայտնել, որ տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել երկկողմ առևտրի աճին: Կողմերը նաև կարևորել են տարածաշրջանային համագործակցությունը էներգետիկ ոլորտում: Առևտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնման տեսակետից նշել են Մեղրիի ազատ տնտեսական գոտու կարևորությունը:
Լուսինե Աստոյան