Երեկ երեկոյան Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում հարձակում է կատարվել լրագրող, մեդիա փորձագետ Զվիադ Քորիձեի վրա։ Նա պնդում է, որ իր վրա հարձակվել է «Վրացական երազանք»-ի պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեն։ Քորիձեն մանրամասներ է ներկայացրել Բաթումում իր վրա կատարված հարձակման մասին՝ նշելով, որ Սամխարաձեն հայհոյել է, սպառնացել իրեն, և վերջում միայն միջադեպին միջամտել է անվտանգության աշխատակիցը։
«Ես նստած էի «Շերատոն» հյուրանոցի նախասրահում։ Հանկարծ տեսա մարդկանց, ովքեր խմում էին սեղանների մոտ նստած։ Հետո նա մոտեցավ սեղանին, ինձ մոտ և ասաց. Ես քեզ ճանաչում եմ, դու Զվիադ Քորիձեն ես։
Նա սկսեց հայհոյել «Ազգային շարժման» հասցեին, ինչին ես չարձագանքեցի։ Նա հեռացավ, գնաց դեպի դուռը, հետ եկավ այս խոսքերով. «Երազանք»-ի մասին ի՞նչ ասացիր, ո՞ւմ ես նախատում»։ Նա սկսեց հայհոյել՝ ոտքով հարվածելով բազկաթոռին։ Հանկարծ տեսա, որ մարդիկ սկսեցին վեր կենալ սեղանի մոտից, 10-12 հոգի պետք է որ լինեին, նույնիսկ չեմ հաշվել, նրանք սկսեցին շարժվել իմ ուղղությամբ։
Ես գնացի դեպի ընդունարանի սեղանը և պահակից օգնություն խնդրեցի, պահակը դուրս վազեց։ Նա փորձեց նրանց հեռացնել ինձանից։ Հնչում էին սպառնալիքներ, հերյուրանքներ։ Պահակն ինձ տարավ»,- ասում է Քորիձեն։
Զվիադ Քորիձեն բուժօգնություն է ստացել տեղի կլինիկայում և ունի աննշան վնասվածքներ, ինչպես հայտնում են նրա ծանոթները։
Դրանից հետո նույն անձինք հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա։