Ախալքալաքի ֆերմերների համար անհաջող գյուղատնտեսական տարին ավարտվեց: Նրանք հուսահատված են՝ գարնանը գնորդ չունենալու պատճառով դեն են նետել անցյալ տարվա բերքը, աշնանը բախվել են բարձր բերքատվության, բայց միաժամանակ վատ եղանակային պայմանների, թանկ աշխատուժի և ցրտահարված կարտոֆիլի խնդրին։ Հիասթափությունների շղթան շարունակվում է կարտոֆիլի ցածր գների և իրացման խնդիրների պատճառով, ինչը 2024 թվականը դժվարին տարի է դարձնում շրջանի կարտոֆիլագործների համար։
2024 թվականին, ցանքսի նոր սեզոնի մոտեցման հետ, ֆերմերները վերջնականապես կորցրին կարտոֆիլը վաճառելու հույսը, իսկ նկուղներում բերքը փտեց ու ծլեց։ Այնտեղ մնացին և սեղանի, և սերմացու կարտոֆիլը։ Ճիշտ է, գարնանը ժամանակ առ ժամանակ վերավաճառողները գալիս էին և կարտոֆիլ գնում, բայց վերջին մի քանի տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի համաձայն, հարյուրավոր տոննա կարտոֆիլ կրկին գնաց աղբավայր։
Շատերը որպես Ախալքալաքի կարտոֆիլի պահանջարկի բացակայության պատճառ նշում են Վրաստան մեծածավալ կարտոֆիլի ներկրումը, ինչպես նաև անորակ կարտոֆիլը։ Սաքստատի տվյալներով, 2023 թվականին Վրաստան է ներկրվել 23 210,2 տոննա կարտոֆիլ 7 740,9 հազար դոլարի չափով։ Սա հանրապետություն ներմուծված կարտոֆիլի ամենամեծ ծավալն է։
Կարտոֆիլի ներմուծման և արտահանման մասին մանրամասն կարդացե՛ք այստեղ.
Ախալքալաքի ֆերմերը դեմ առ դեմ գլոբալ տնտեսության շուկայական պայմանների հետ
Փորձագետները նշում են, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում իրացման հետ կապված իրավիճակը գնալով բարդանում է, շատ ֆերմերներ վնասով են աշխատում, բայց շարունակում են ցանել, չտեսնելով այլընտրանք: Սակայն, այս ամենի հետ, վերջին հինգ տարիների ընթացքում մունիցիպալիտետում կարտոֆիլի դաշտերը աստիճանաբար ավելանում են։
Այս տարի ֆերմերներն ու փորձագետները ակնկալում էին կարտոֆիլի լավ բերք, ու աշնանը նրանց սպասելիքներն արդարացան, կարտոֆիլը լավ աճեց, իսկ բերքատվությունն աննախադեպ բարձր էր։ Սակայն, չնայած դրան, եղանակային վատ պայմանները, աշխատուժի բարձր ծախսերը և առանց շուկայական պահանջարկը հաշվի առնելու կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացումը, բարդ իրավիճակի հանգեցրեցին խոշոր, և փոքր կարտոֆիլագործներին։ Քանի որ բերքը շատ էր, և բերքահավաքի սեզոնին եղանակն անձրևոտ էր, շատերը չկարողացան հավաքել ամբողջ բերքը։ Արդյունքում, կարտոֆիլը դաշտերում ցրտահարվեց։ Ֆերմերները, չնկատելով, որ կարտոֆիլը ցրտահարվել է, պահեստավորեցին այն, որտեղ էլ հայտնաբերեցին, որ ցրտահարված կարտոֆիլ են բերել պահեստ, որը սկսեց փչացնել նաև լավ բերքը։
Խոշոր ֆերմերներից մեկի կարծիքով, այս տարի կորուստների տարի էր:
«Ցրտահարված կարտոֆիլը բերվեց պահեստներ, նա լավ բերքն էլ հետը փչացրեց, հիմա չնախատեսված, հավելյալ ծախսեր ենք անում, մարդկանց վարձում ենք, որ պահեստները մաքրեն փտած ու փչացած կարտոֆիլից»,- ասաց ֆերմերը։
Գյուղատնտես և ֆերմեր Եղիշ Աղաջանյանն ասում է, որ կարտոֆիլի ոլորտում աշխատելու 40 տարիների ընթացքում Ջավախքի ֆերմերների համար այսքան վատ տարի չի հիշում:
Կարտոֆիլի ներկայիս գինը չի ծածկում ինքնարժեքը: 1 կգ կարտոֆիլն այժմ արժե 40-50 թեթրի։
«Օգոստոսից մեծ բեռնատարներով կարտոֆիլ են արտահանում շրջանից, բայց մինչ օրս շրջանը չի զգում, որ կարտոֆիլը վաճառվում է։ Մենք իրացման շուկա չունենք, ամեն տարի կարտոֆիլի ցանքատարածություններն ավելանում են, իսկ Վրաստանին այդքան պետք չի, և իրացման այլ տեղեր չկան։ Պետությունն այս հարցում պետք է օգնի ֆերմերին։ Նա պետք է իր վրա վերցնի շուկաներ գտնելու պատասխանատվությունը: Խորհրդարանը պետք է որոշումներ կայացնի, պետությունը պետք է պայմանագրեր ստորագրի այլ պետությունների հետ։ Սովորական ֆերմերը չի կարող դա անել: Իսկ ֆերմերները պետք է բարձրորակ կարտոֆիլ արտադրեն»,- ասում է Եղիշ Աղաջանյանը։
Քաղաքից հեռու գյուղերում, որտեղ կարտոֆիլի դաշտերը քիչ են, ֆերմերներին հաջողվեց բերքը հավաքել, այն չի ցրտահարվել, բայց նրանք էլ դժգոհում են կարտոֆիլի ցածր գնից և գնորդների բացակայությունից, քանի որ մեծ բեռնատարները դեռ կարտոֆիլ գնում են մոտակա գյուղերից։
«Բերքը լավն էր, բայց իրացումը՝ վատը, և գինն էլ ցածր է, այս տարի միայն ծախսեր են, բոլորս վնասի մեջ ենք: Դեռ գնորդները չեն հասել մեր գյուղ, գնում են Օրջա և Խանդո գյուղերից»,- ասում է Ալաստան գյուղից ֆերմեր Սիմոն Մանանյանը։
2024 թվականը կրկին հաստատեց, որ Ջավախքում, կարտոֆիլագործության զարգացման համար համակարգված մոտեցում է անհրաժեշտ։ Ֆեմերը պետք է գիտակցի, հաշվի առնի շուկայում առկա պահանջարկը և պետք է աշխատի ինքնարժեքի նվազման ուղղությամբ, իսկ պետությունն իր հերթին պետք է օգնի դրան, քանի որ ջավախքցի ֆերմերն անզոր է գլոբալ տնտեսության շուկայական պայմանների առջև։