Ախալքալաք՝ մունիցիպալիտետ Վրաստանի հարավում, որտեղ ամենից շատ կարտոֆիլ է աճեցվում, սակայն տեղի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը մնում է արտագնա աշխատանքը, իսկ մեծ դժվարությամբ աճեցված կարտոֆիլը նետվում է աղբանոց: Jnews-ը վերլուծել է Ախալքալաքում կարտոֆիլի աճեցման առանձնահատկությունները և ընդհանուր առմամբ Վրաստանում կարտոֆիլի շուկան։
Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակլիմայական պայմանները և սևահողը հնարավորություն են տալիս աճեցնել դիմացկուն, ձմեռային կարտոֆիլի սորտեր։ Ախալքալաքի մունիցիպալիտետում, ըստ քաղաքապետարանի «Թափոնների կառավարում» ռազմավարական փաստաթղթի, կա 29000 հա վարելահող։ Իսկ Գյուղի զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի տվյալներով, 2023 թվականին գյուղատնտեսական բոլոր խոշոր մշակաբույսերի համար օգտագործվել է մոտ 23000 հա հողատարածք։ Այսինքն՝ ավելի քան 6000 հեկտարը չի օգտագործվել մշակաբույսերի աճեցման նպատակով։ Իսկ 23000 հա հողատարածքից 10918 հեկտարը օգտագործվել է կարտոֆիլ մշակելու համար։ Սակայն, չնայած դրան, Ախալքալաքի մունիցիպալիտետն, երկրում, համարվում է կարտոֆիլի խոշորագույն արտադրողը։ Այս մասին փաստում է վիճակագրությունը:
2023 թվականին Վրաստանում աճեցվել է 197300 տոննա կարտոֆիլ։ Ամենաշատ կարտոֆիլն աճեցվել է Սամցխե-Ջավախքում՝ 129100 տոննա (66%), բերքի քանակով երկրորդ տեղում է Քվեմո Քարթլին՝ 38800 տոննա կարտոֆիլով (գրեթե 20%)։
Ազգային վիճակագրական ծառայության (Սաքստատ) տվյալները
Վերջին 5 տարիների ընթացքում մունիցիպալիտետում կարտոֆիլի ցանքատարածություններն աստիճանաբար ավելացել են, չնայած նրան, որ վերջին 3-4 տարիներին Ախալքալաքի հիմնական բանջարեղենի իրացման խնդիրը հատկապես սուր է կանգնած։
Տարբեր տարիների՝ կախված բերքատվությունից, մունիցիպալիտետը կարտոֆիլի տարբեր բերք է ստացել։
Կարտոֆիլի ցանքատարածության և ստացված բերքի մասին 2019-ից մինչև 2023 թվականը ներառյալ տվյալները ներկայացված են ինֆոգրաֆիկայի տեսքով։
Նշենք, որ Վրաստանի վիճակագրական ծառայության և Տեղեկա-խորհրդատվական կենտրոնի կարտոֆիլի արտադրության վերաբերյալ տվյալները չեն համընկնում։ Վերջինիս տեղեկատվությամբ, 2023 թվականին, միայն Ախալքալաքում արտադրվել է ավելի շատ կարտոֆիլ, քան ողջ Վրաստանում, ըստ Սաքստատի տվյալների։ Ընդ որում, այս անհամապատասխանությունը նկատվում է ամեն տարի
Վրաստանում կարտոֆիլի շուկան այնպես է զարգացել, որ երկրի հիմնական կարտոֆիլ արտադրողը՝ Ախալքալաքի ֆերմերը, 4 տարի անընդմեջ ստիպված է եղել իր բերքը աղբանոց նետել։ Չնայած շուկայական տնտեսության պայմաններում ներմուծումը պայմանավորված է երկրում առկա պահանջարկով, որը չի ծածկվում երկրի ներսում, բայց կարտոֆիլի դեպքում դա միշտ այդպես չէ: Վերոնշյալի վառ օրինակին ականատես եղանք 2020-2021 թվականների գյուղատնտեսական սեզոնում։ Չնայած 2020 թվականին հայրենական արտադրության կարտոֆիլի քանակի ավելացմանը (2020 թվականին Ախալքալաքում կարտոֆիլի բերքը գրեթե 28%-ով ավելի էր, քան 2019 թվականին) և համավարակի պատճառով երկրում պահանջարկի նվազմանը, Վրաստանը 43%-ով (17 980.6 տոննա) ավելացրել է կարտոֆիլի ներմուծումը:
«Սաքստատ»-ի տվյալներով, 2023 թվականին Վրաստան է ներկրվել 7 740,9 հազար դոլարի 23 210,2 տոննա կարտոֆիլ։ Սա երկիր ներմուծվող կարտոֆիլի ամենամեծ ծավալն է։
Ամենաշատը ներկրվել է Ռուսաստանից՝ 8 435,1 տոննա, 2271,7 հազար դոլար արժողությամբ։ Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 8050,9 տոննայով՝ 2177,8 հազար դոլար արժողությամբ։ Ներմուծող երկրների ցանկում հաջորդը Գերմանիան է՝ 1180.0 տոննա, 1185.3 հազար դոլար արժողությամբ։ Ներմուծողների ցանկում են նաև Եգիպտոսը, Նիդեռլանդները, Ուկրաինան, Սիրիան և Պակիստանը։
2023 թվականին Վրաստանից արտահանվել է 5411,3 տոննա կարտոֆիլ՝ 1441,1 հազար դոլար արժողությամբ։ 2023 թվականին կարտոֆիլ ամենաշատը արտահանվել է Ադրբեջան՝ 3979,3 տոննա 860,8 հազար դոլար արժողությամբ։ Այնուհետեւ գալիս են հետեւյալ երկրները.
Ռուսաստան՝ 1176,1 տոննա՝ 493,4 հազար դոլար արժողությամբ,
Հայաստան՝ 135,0 տոննա՝ 44,7 հազար դոլար արժողությամբ,
Բելառուս՝ 84,5 տոննա՝ 30,7 հազար դոլար արժողությամբ,
Ուկրաինա՝ 36,4 տոննա՝ 11,5 հազար դոլար արժողությամբ:
Հետաքրքիր է նշել, որ եթե 2023 թվականին կարտոֆիլի ներմուծման միջին գինը կազմել է 0,33 ԱՄՆ դոլար, արտահանման գինը կազմել է ընդամենը 0,26 ԱՄՆ դոլար։
2024 թվականի հունվարից հունիս ընկած ամիսներին ներկրվել է 2318.0 հազար դոլարի կարտոֆիլ։
Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, 2023 թվականին Վրաստանում սպառվել է 186 հազար տոննա կարտոֆիլ։ Մեկ անձի սպառումը կազմում է մոտ 50 կգ ամբողջ տարվա համար:
Այս տարի Ախալքալաքում գյուղատնտեսներն ակնկալում են բարձր բերքատվություն, սակայն ֆերմերներին դա առանձնապես չի ուրախացնում, քանի որ արդեն ահազանգում են, որ այս տարի ևս արդիական կլինի իրացման խնդիրը։
Գյուղատնտես, ֆերմեր Եղիշ Աղաջանյանն ասում է, որ այս տարի Ախալքալաքում կարտոֆիլի լավ բերք է սպասվում, և վերջին 10 տարիների ընթացքում կարտոֆիլի ցանքատարածությունների համար այսպիսի բարենպաստ տարի չի եղել։
«Սկզբում եղանակը տաք էր, սերմերը ժամանակին ծլեցին, պտուղներում վիրուսներ չառաջացան։ Երբ եղանակը անձրևոտ է, սերմերը ուշ են բողբոջ տալիս, և խոնավությունից վիրուսներ են զարգանում, երբ ջերմաստիճանն իջնում է, վիրուսներն ավելի են ակտիվանում»,- ասում է գյուղատնտես Եղիշ Աղաջանյանը:
Ախալքալաքում, վերջին 10 տարիների մեր դիտարկումների համաձայն, կարտոֆիլի փոքր ցանքատարածքներ մշակող ֆերմերները միշտ վնասի մեջ են։ Խոշոր ֆերմերները, որոնք 5 հեկտար և ավելի են ցանում, միշտ շահողի դիրքում են հայտնվում, միշտ գնորդներ գտնում են, բերքը վաճառում են, իրացման խնդիր չունեն, քանի որ նրանք կարող են իրենց թույլ տալ իջեցնել գինը։
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը կարծում է, որ քիչ կարտոֆիլ ցանող ֆերմերը բարձր եկամուտ չունի։ Ըստ նրա, գործում է մասշտաբայնության էֆեկտը: Սակայն, Ախալքալաքի մունիցիպալիտետում խոշոր ֆերմերները տասնյակ են, առավելագույնը՝ հարյուր, մնացածը՝ փոքր ֆերմերներն են։
«Mercy Corps-ը մի քանի տարի առաջ ուսումնասիրություն էր անցկացրել, հաշվարկներ արել և պարզվել էր, որ որպեսզի գյուղացին շահույթի մեջ լինի, պետք է ցանի 4 հեկտար կարտոֆիլ: Չնայած ռիսկերին, կլիմայական պայմաններին և իրացմանը: Այդ ժամանակ մենք համարում էինք, որ 3 հեկտարը դա շահույթն է, իսկ 1 հեկտարը՝ ծախսեր են: Եթե բերքը լավ չէ, կամ չի վաճառվում, ապա ռիսկերը 50%/50% են, 2 հեկտարը` շահույթն է, ևս 2 հեկտարը` ծախսերը: Երբ դու շատ ես աճեցնում, դու միևնույն է շահում ես, չես կարող վնասի մեջ լինել: Բայց եթե 60 հար կարտոֆիլ ես ցանում, տեխնիկա չունես, ապա դու ոչ մի կերպ ծախսերը չես կարող փակել»,- ասում է Մախարե Մացուկատովը։
Ֆերմերների մեծ մասը կարտոֆիլի արտադրությունը չի ընկալում որպես բիզնես, թեև ցանկանում է դրանից գումար աշխատել։ Ոչ բոլոր ֆերմերներն են հաշվարկում կարտոֆիլի ինքնարժեքը։ Պարզապես գինը որոշում են ելնելով ընդհանուր միտումից, և հաճախ գինը թելադրում է գյուղ եկող գնորդը։
Ըստ մեր մոտավոր հաշվարկների, 2023 թվականին կարտոֆիլի մեկ կգ-ի միջին արժեքը տեխնիկայի և աշխատուժի վարձակալության պարագայում, միջին տեսակի սերմացուի գնման դեպքում տատանվել է 0,47-ից 0,50 լարիի սահմաններում։
2023 թվականին կարտոֆիլի ինքնարժեքը 1 հա-ի դիմաց հեղինակ՝ Jnews Ge
Վերջին տարիներին շատ գնորդներ նշում են, որ Ախալքալաքի կարտոֆիլի որակը վատացել է, և այն որակով զիջում է ներկրվող կարտոֆիլին։ Ախալքալաքի կարտոֆիլի վատ իրացման պատճառ նշվում է նաև որակի և գնի անհամապատասխանությունը։
Ախալքալաքի ֆերմերները երկու տասնամյակի ընթացքում իրենց և փորձագետների միջև վերապատրաստման և հաղորդակցության արդյունքում սովորեցին քիչ թե շատ գրագետ աճեցնել կարտոֆիլը, մշակել դաշտերը, սովորեցին տարբերել տարբեր պարարտանյութերը, իմացան, որ հնարավոր է կատարել հողի անալիզ և համապատասխանաբար գրագետ մշակել այն: Այս ոլորտում առաջընթացը նկատելի է, սակայն կարտոֆիլի աճեցման շղթայում ֆերմերների ամենամեծ խնդիրն այժմ իրացումն ու մարքեթինքն է:
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրենը համարում է, որ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները գտել են «թույլ օղակը» և ամբողջ մեղքը բարդում են ֆերմերների վրա։ Սակայն, Մացուկատովը նշում է նաև պետական մարմինների անգործությունն այս հարցում։
«Եթե կարտոֆիլն անորակ է, ինչու է թույլատրվում շուկայում վաճառել: Ինչու Սննդի գործակալությունը չի վերահսկում շուկան: Ինչ է նշանակում անորակ: Ֆիտո որակ, սանիտարական ստանդարտներ, նիտրատներ: Ինչ ի նկատի ունեն դրա տակ: Ինչու այսքան տարբեր ծառայություններ չեն աշխատում: 30 տարվա ընթացքում ինչ են արել նրանք, ինչ են ասել ֆերմերներին, որ ֆերմերը չի արել: Ֆերմերը կարող է մեկ-երկու տարի չպահպանել նորմերը, բայց հետո բոլոր նորմերը կպահպանի։ Իրացման խնդիրը արդեն 7 տարի է գոյություն ունի։ «Ձեր կարտոֆիլն անորակ է, ուստի և չի վաճառվում» արտահայտությունը կեղծ պատճառ է»,- ասում է Մախարե Մացուկատովը։
2016-ից 2023 թվականներին Սամցխե-Ջավախքում ամենալավ բերք ստացվել է 2016 թվականին՝ 160 500 տոննա, ամենացածր բերքը եղել է 2017 թվականին՝ 103 400 տոննա: Ամենաբարձր բերքատվությունը նկատվում է 2021 թ-ին, իսկ ամենացածրը՝ 2017 թվականին՝ 9,6 տ/հա։
Որպեսզի Ջավախքում գյուղատնտեսությունը լինի եկամտաբեր բիզնես, անհրաժեշտ է համակարգված մոտեցում։ Ֆերմերը պետք է տեղյակ լինի շուկայում առկա պահանջարկին, տեղեկացված լինի և աշխատի ծախսերը նվազեցնելու ուղղությամբ, պետությունն իր հերթին պետք է օգնի այս հարցում, քանի որ ջավախքցի ֆերմերը դեռ այնքան զարգացած չէ, որ շուկայական պայմանների առաջ մնա մենակ և հաղթահարի բոլոր այս խոչընդոտները: