Վրաստանի և Թուրքիայի սահմանի Կարծախի հատվածում կրկին բեռնատարներ են կուտակվել։ Հերթը չի նոսրանում, քանի որ անցակետը հազվադեպ և քիչ քանակով է մեքենաները բաց թողնում։ Չճշտված տեղեկությունների համաձայն, պատճառը թուրքական կողմի անցակետի կառավարման համակարգի խափանումն է։ Ըստ հաճախ Թուրքիա մեկնող վարորդների, իրավիճակն այսպիսին է նոյեմբերի 18-ից մինչ այսօր։

«Կարծախ» անցակետն ընդհատումներով է աշխատում, այն կարող է մի քանի մեքենա բաց թողնել, հետո մի քանի ժամ թույլ չտալ մեքենաներին անցնել։

«Նոյեմբերի 17-ի երեկոյան վերադառնում էի Թուրքիայից, 3 ժամ կանգնեցի մաքսատանը, համակարգն աշխատում էր սխալներով, իսկ նոյեմբերի 18-ին նորից ուզեցինք գնալ, արդեն փակ էր: Կարող է օրական 15 րոպե աշխատել, 7 ժամ չաշխատել, կամ երկու ժամ աշխատել, հետո 6 ժամ չաշխատել: Թուրքական կողմի համակարգը անսարք է։ Ասում են՝ համակարգը փոխում են»,- ասում է տուրօպերատոր-վարորդը Ախալքալաքից։

Մեր տեղեկություններով, ընդհատումներով են գործում նաև «Սարփի» և «Վալե» անցակետերը, և այս իրավիճակը Թուրքիայի սահմանի հետ շարունակվում է արդեն մեկ շաբաթից ավելի։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Թուրքիայի հետ վրացական անցակետերի աշխատանքը կկարգավորվի մինչև նոյեմբերի 28-ը։

Jnews-ը Վրաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող անցակետերում առկա խնդիրների մասին պաշտոնական տեղեկատվություն կփորձի պարզել վաղը՝ աշխատանքային օրվա ընթացքում։