Սուլդացիների ամենահրատապ ու գլխավոր խնդիրը բնական գազի բացակայությունն է։ Գազի փոխարեն բնակիչներն օգտագործում են էլեկտրաէներգիա և վառելափայտ, որը նրանց վրա թանկ է նստում։ Չնայած բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնում են իրենց գյուղի գազիֆիկացման խնդրի մասին, բայց սայլը տեղից չի շարժվում։
Ձմռանը գյուղացու հոգսն ավելի է շատանում, երբ նա ստիպված է լինում վառելափայտ գնել, գազի բալոն լիցքավորել, քանի որ միակ ելքը մնում է փայտի վառարանը։
Տարվա 7-8 ամիսների ընթացքում սուլդացիները փայտի և աթարի վառարաններ են օգտագործում՝ նոյեմբերի սկզբից մինչև մայիսի վերջ, քանի որ եղանակն այստեղ խստաշունչ է:
«Շատ դժվար է մեզ համար, որովհետև գազ չկա։ Փայտի մեկ շարքի համար տալիս ենք 600 լարի, միջինն ընտանիքը, որտեղ 4-5 մարդ է ապրում, սպառում է 5 շարք փայտ, դա կազմում է 3000 լարի։ Կան մարդիկ, ովքեր փայտի հնարավորություն չունեն և մնում են աթարի հույսին», – ասում է Սերգեյ Ափոյանը։
Փայտ կամ աթար վառելու արդյունքում գյուղացին ստիպված է ամեն տարի վերանորոգում անել, քանի որ փայտի ու աթարի մուրը նստում է տան պատերին։
«Գազը ոչ միայն էժան է, այլև մաքուր է։ Մենք մեր տանը ձմռանը փայտ ենք վառում։ Նախ փայտ ենք գնում, հետո ջարդում ու չորացնում։ Տեսեք, համ աշխատատար է, համ թանկ է, համ էլ մրի պատճառով ամեն տարի պետք է տունդ վերանորոգես, ինչը ևս մեծ ծախսերի հետ է կապված», – հավելում է Սուլդա գյուղի բնակիչ Սերգեյ Ափոյանը։
Բնակիչները նշում են՝ բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմաններից մեկը գազաֆիկացումն է, որն իրենց հասանելի չէ։
«Ապրելով 21-րդ դարում չունենք գազ, շատ դժվար է մեզ համար, ստիպված ենք ճաշ պատրաստելու համար գազի բալոնները լիցքավորել, իսկ դա անելու համար պետք է մինչև քաղաք հասնել։ Ինչը կապված է ծախսերի հետ», – ասում է գյուղի մեկ այլ բնակիչ Սարգիս Վարդիկյանը։
Այս թեմայով՝ Սուլդայում միգրացիայի պատճառներից մեկը բնական գազի բացակայությունն է
Ի տարբերություն Ախալքալաքի մյուս գյուղերի բնակիչների, սուլդացիները կրկնակի անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա են օգտագործում և ավելի շատ են ծասվում, քան եթե գազ ունենային։
«Բնական գազի համեմատ շատ թանկ է։ Ամսական էլեկտրաէներգիայի համար 100-150 լարի եմ վճարում։ Սուլդայից բացի գազի խնդիրն արդիական է նաև հարևան՝ Դադեշ, Կարծախ, Մյասնիկյան, Դավնիա, Էրինջա և Խավեթ գյուղերում, որոնք գտնվում են նույն ճանապարհային գծի վրա։ Այս խնդիրը երկար տարիներ է լուծում չի ստացել ու հույս էլ չկա, որ երբևէ գազ կունենանք», – ասում է Սարգիս Վարդիկյանը։
Սուլդացիները նշում են՝ իրենց գյուղ Վաչիան գյուղից խողովակներ անցկացնելը 1,5-2 կմ-ի հարց է:
Իսկ Ջավախքում գազիֆիկացումն իրականացնող գազաբաշխիչ SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանն ասում է՝ մոտակա չորս տարիների ընթացքում, նախատեսված չէ գազիֆիկացնել Սուլդան և հարևան գյուղերը։
«Կենտրոնական գազատարը, որ հասել է մինչև Վաչիան գյուղ, խողովակը փոքր է։ Որպեսզի Սուլդայում և այդ գծի վրա գտնվող գյուղերում գազ լինի, անհրաժեշտ է նոր գազատար տանել Խուլգումոյի բաժանարար գծից։ Ներկա պահին մենք ի վիճակի չենք նոր գազատար տանել, դա կապված է մեծ ծախսերի հետ», – ասում է Վրեժ Բերիկյանը։
Վրաստանի գազափոխադրող GGTC ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2024-2025 թթ. Ախալքալաքի մունիցիպալիտետում գազիֆիկացվելու է 6 գյուղ, որոնց թվում Սուլդան չկա։
Այս թեմայով՝ Ջավախքի ո՞ր գյուղերը կգազիֆիկացվեն 2024-2025 թվականներին
Սուլդայում պատրաստ են անձնական գրպաններից գումար ներդնելու միայն թե գազ լինի և մարդիկ չլքեն գյուղը: Իսկ գյուղը վերջին տարիներին շատերն են լքել:
Փաստացի ներկա պահին Սուլդայում 160 ընտանիք է ապրում: Մինչդեռ 10 տարի առաջ պատկերը բոլորովին այլ էր՝ 200 և ավելի ընտանիք: Հետևաբար, Սուլդայի գազիֆիկացումը ռազմավարական նշանակություն ունի գյուղի համար:
Գևորգ Ջանոյան