Վրաստանի խորհրդարանի ընտրությունները տարաբնույթ արձագանքներ են առաջացրել արտերկրում։ Բացի ընդհանուր հայտարարություններից, շնորհավորանքներից և խախտումների հետաքննության կոչերից, որոշ երկրներ տարբեր կոչեր կամ քայլեր են արել։ Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է ընդլայնել շփումները վրացական իշխանությունների հետ, և որ Վրաստանի նախագահը պետք է ազատվի պաշտոնից և ձերբակալվի ընտրությունների արդյունքները չընդունելու համար, Շվեդիայի կառավարությունը դադարեցնում է անմիջական համագործակցությունը Վրաստանի կառավարության հետ, Կանադան նախատեսում է վերանայել հարաբերությունները վրացական իշխանությունների հետ, իսկ այցով Վրաստան է ժամանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Վրաստանի կառավարության վարչակազմում տեղի է ունեցել Հունգարիայի վարչապետ և Եվրամիության խորհրդի նախագահ Վիկտոր Օրբանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նրան ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կողմերը հանդիպումներ կունենան անձնական և ընդլայնված կազմով, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Վիկտոր Օրբանը հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։
Շվեդիայի կառավարությունը դադարեցնում է Վրաստանի կառավարության հետ անմիջական համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Շվեդիայի միջազգային զարգացման և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դոուզան։
Նրա խոսքով, «Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները վաղուց լուրջ մտահոգության տեղիք են տալիս»։
«Շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդների կողմից արձանագրված խախտումները հաստատում են դա։ Երկրի քաղաքացիական հասարակությանն իր ժողովրդավարական դերի կատարումը կանխելու փորձերը, մասնավորապես սահմանափակող օրենսդրության միջոցով, հակասում են Եվրամիության նորմերին և արժեքներին։ Ելնելով դրանից՝ կառավարությունը դադարեցնում է Շվեդիայի և Վրաստանի կառավարությունների միջև ուղղակի համագործակցությունը, որը դեռ շարունակվում է»,- հայտարարել է Բենջամին Դոուզան։
Նա նաև նշել է, որ Վրաստանի և Եվրամիության հետագա մերձեցման դեպքում հարաբերությունները կարող են վերականգնվել։
Ըստ Sweden Herald-ի՝ Վրաստանին տրամադրվող շվեդական օգնությունը տարեկան կազմում է 200 մլն կրոն։ Այս տարի երկրի քաղաքացիական հասարակությանը հատկացվել է 25 մլն.:
Կանադան անհանգստացած է Վրաստանում խորհրդարանական ընտրություններում ընտրողների համատարած ճնշումներով, ձայների գնմամբ և այլ խախտումներով, ինչպես հաղորդում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և այլ անկախ դիտորդներ, ասվում է Global Affairs Canada-ի հայտարարության մեջ:
Գերատեսչությունը պարզաբանում է, որ այդ խախտումները պետք է հետաքննվեն ու վերացվեն։
«Կանադան համոզված է, որ ազատ, արդար և անկախ ընտրությունները ժողովրդավարական հասարակության հիմնաքարն են: Համագործակցելով G7-ի և մեր եվրոպացի գործընկերների հետ և հաշվի առնելով այս ընտրությունները և դրանց արդյունքները, Կանադան կվերագնահատի իր հարաբերությունները Վրաստանի կառավարության հետ: Կանադան բաց է Վրաստանի հետ համագործակցության համար, քանի դեռ վրացական ղեկավարությունը հարգում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և լուծում է ժողովրդավարական վերջին շրջանի հետաճը», – ասվում է հայտարարության մեջ:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սոցցանցերում գրել է, որ Վրաստանի նախագահը պետք է պաշտոնանկ արվի և կալանավորվի։
«Վրաստանի խամաճիկ նախագահը հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները և դեմ է դուրս եկել սահմանադրությանը՝ հեղաշրջման կոչով։ Նման դեպքերում ստանդարտ պրակտիկան պաշտոնանկ անելն է ու ձերբակալությունը»,- գրում է Դմիտրի Մեդվեդևը «X» հարթակում: