Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձևը, որը Եվրահանձնաժողովին կոչ է անում վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը, իսկ անդամ երկրներին՝ անհապաղ պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։

«Լուրջ մտահոգություն»՝ կապված Վրաստանում ժողովրդավարության հետընթացի հետ, Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցները «գործակալների օրենքի» և հակաԼԳԲՏ օրենքի պատճառով, առանց վիզայի ռեժիմի չափանիշների ստուգում, Միխեիլ Սաակաշվիլիի ազատություն,- սրանք են բանաձևում ներկայացված հիմնական հարցերը:

Բանաձևի շրջանակներում Եվրախորհրդարանը «մտահոգություն է հայտնում, որ «Վրացական երազանքի» բազմաթիվ օրենսդրական առաջարկները դավաճանում են վրաց ժողովրդի ճնշող մեծամասնության ձգտումներին։

Այն վերաբերում է նաև մեդիայի և արտահայտման ազատությանը. բանաձևն ընդգծում է, որ «արտահայտվելու և հավաքների ազատության և խաղաղ բողոքի իրավունքը հիմնարար ազատություններ են և պետք է պաշտպանված լինեն բոլոր հանգամանքներում, հատկապես այն երկրում, որը ցանկանում է միանալ Եվրամիությանը»:

Բանաձևին կողմ է քվեարկել 495, դեմ՝ 73, ձեռնպահ՝ 86 Եվրախորհրդարանի պատգամավոր։ Բանաձևի ​​տեքստը համատեղ ներկայացվել և աջակցվել է Եվրոպական խորհրդարանի հիմնական խմբերի կողմից։

Բանաձևի տեքստը Եվրամիության խորհրդին և Եվրամիության ժողովրդավար գործընկերներին կրկին կոչ է անում «անհապաղ և նպատակաուղղված անձնական պատժամիջոցներ կիրառել» Իվանիշվիլիի նկատմամբ՝ Վրաստանում ժողովրդավարության վիճակի վատթարացման պատճառով։