Վրաստանի հարավ-արևելքում գտնվող Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի անտառում բռնկված հրդեհը մարելու համար սահմանային ոստիկանության չորս ուղղաթիռներ են գործի դրվել։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Թբիլիսիի հրշեջ-փրկարարական ծառայության գլխավոր վարչության ղեկավար Լևան Մուսելիանիի խոսքով՝ Բորժոմի անտառում հրդեհը տարածվել է մոտ մեկ հեկտար տարածքի վրա և այն գտնվում է վերահսկողության տակ։
Ավիացիայի հետ միասին Թբիլիսիից, Սամցխե-Ջավախքից և Շիդա Քարթլիից ժամանած 150 փրկարարներ, ինչպես նաև ազգային պարկի անտառապահները փորձում են տեղայնացնել հրդեհը։ Անհրաժեշտության դեպքում նրանց օգնության կուղարկվեն այլ պահպանվող տարածքներից անտառապահներ։
Տեղում ստեղծվել է շտաբ, որտեղից էլ համակարգվում է հրշեջների աշխատանքը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հրդեհը սկսվել է սեպտեմբերի 3-ի երեկոյան Նեձվի արգելոցում՝ Ախալդաբա գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա։