
2021 թվականից մինչև 2023 թվականը Ախալքալաքի կենտրոնը վերականգնվել է «Թարմացված մունիցիպալիտետներ» ծրագրի շրջանակներում, միգուցե Ախալքալաքի կենտրոնում 200-300 մետր ճանապարհի եզրերն առաջին հայացքից գեղեցկացել են, բայց ուշադիր նայելով կատարված աշխատանքում անզեն աչքով նկատելի են թերություններ։
2021 թվական. Ախալքալաքի մշակույթի տան ճակատային մասում փակցված էին լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպիսի տեսք կունենա Ախալքալաքը՝ քաղաքի կենտրոնական մասի վերականգնումից հետո։
«Թարմացված մունիցիպալիտետներ» ծրագրի շրջանակում սկսվել է Ախալքալաքի Մեսրոպ Մաշտոցի հրապարակին հարող շենքերի ճակատների վերականգնումը։ Վերականգնման ծրագրում ներառված էր նաև Մշակույթի տան ճակատային մասը, սակայն այս աշխատանքները հետաձգվեցին մինչև 2022 թվականը, և արդյունքում ճակատային մասն այդպես էլ չվերանորոգվեց։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը՝ Ախալքալաքում շրջանի և զբոսաշրջության զարգացման նպատակով, սկսել է կենտրոնական փողոցի և կենտրոնական հրապարակի վերականգնումը։ Նախարարությունը տեղական իշխանությունների քննարկմանը ներկայացրել է հրապարակի վերականգնման 4 տարբերակ, որոնցից երկուսը ներառում էին հուշարձանը հրապարակից քաղաքապետարանի դիմացի հրապարակ տեղափոխելը, իսկ մյուս երկուսը նախատեսում էին շրջանցիկ խաչմերուկի ստեղծում հրապարակում, որոնցից մեկը՝ շրջանցիկ խաչմերուկի կենտրոնում հուշարձանով, իսկ երկրորդը՝ հուշարձանով այն վայրում, որտեղ այն գտնվում է։ Ամեն ինչ թողել են այնպես, ինչպես կա:
Ախալքալաքի կենտրոնում շենքերի ճակատների վերանորոգումը հիշեցնում է «Պոտյոմկինի գյուղերի» պատմությունը։ Խոսքը բուտաֆորական գյուղերի մասին է, որոնք կառուցվել են արքայազն Պոտյոմկինի հրամանով՝ 1787 թվականին Հյուսիսային Սևծովյան տարածաշրջան՝ ժամանակակից Ուկրաինայի տարածք ճանապարհորդության ժամանակ Եկատերինա II-ի երթուղու երկայնքով: Ախալքալաքյան մեկնաբանությամբ դա նշանակում է ճակատի ջերմացում և վերականգնում, սակայն բակի հատվածը, որը չի երևում կենտրոնական Ազատության փողոցից, չի վերանորոգվել։ Հետևաբար, «աչքից հեռու» է մնացել կիսաքանդ պատշգամբներով, պատուհանի ջարդված ապակիներով և փակ ժանգոտված նրբատախտակի դռներով հատվածը։ Բնակիչների խոսքերով՝ ճակատային մասերը «զարդարելու» համար օգտագործված արհեստական ծաղիկները քամին քշել է, իսկ թռչուններն այնտեղ բույն են հյուսել։
Բնակիչները մատնացույց են անում պատշգամբները, որոնք վախեցնող տեսք ունեն, տեսանելի են ամրանները։ Ինչպես ասաց բնակիչներից մեկը. «Մի օր այս պատշգամբները, ինչպես թղթե տնակները, կփլվեն մինչև առաջին հարկ»։
Բայց և գլխավոր փողոցից այս ամենն այնքան էլ լավ տեսք չունի, անավարտ աշխատանքները շատ են։
Գլխավոր փողոցի շատ հատվածներում շարված սալիկներն արդեն պոկվել են կամ այդ ընթացքում են, բնակիչները ծխախոտի մնացորդներ են նետում այնտեղ։
Այս վերականգնման մեջ կարելի է գտնել նաև զվարճալի պահեր, օրինակ՝ պատշգամբ պատուհանի տակ, կամ առանց մուտքի սանդուղք։
Մուգ կարմրագույն հովանոցները, որոնք կախվել էին, խունացել են առաջին անձրեւի հետ։ Ճակատային մասերի դիոդային լուսավորությունը մասամբ այլևս չի աշխատում։
Կենտրոնի շենքերի դիմաց ո՛չ սալաքար կա, ո՛չ ասֆալտ։
Պատուհանները կա՛մ անավարտ են, կա՛մ արդեն ժանգոտել են։
Պարզ չէ, թե ինչու՝ մալուխները ոտքերի տակեն գցված: Քաղաքը ձմռանից հետո փոշու մեջ է։ Ալերգիայով տառապողների համար սա «լավագույն» ժամանակն է հիվանդության սրման համար:
Շինարարական աղբն ամենուր է:
Գլխավոր փողոցի ծառերը հատվեցին, իսկ նորերն այդպես էլ չտնկվեցին, թեև խոստումներ կային, որ կտնկվեն 2023 թվականին։ Տնկեցին թփեր, որոնցից քչերը կարողացան ողջ մնալ Ախալքալաքի դաժան ձմեռվանից հետո։
Ախալքալաքի քաղաքապետարանից Jnews-ին հայտնեցին, որ նախագիծն ավարտված է, թեև երաշխիքային ժամկետն ուժի մեջ է։ Այդուհանդերձ, տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք կատարված աշխատանքներն ընդունվել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության կողմից։