«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը բողոքի ակցիաներ է անցկացրել Վրաստանի հանրային, Իմեդի և Մթավարի հեռուստաալիքների դիմաց՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումների ոչ բավարար լուսաբանման համար։ Կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլիին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի մասին Վրաստանի լրագրողների լռությունն անթույլատրելի է համարում։
Ընդգծենք, որ «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը սեպտեմբերի 17-ին քսանչորսժամյա նստացույց է անցկացրել Վրաստանի Հանրային հեռարձակողի շենքի դիմաց: ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանն իր խոսքում դատապարտել է Առաջին հեռուստաալիքի հայալեզու և ադրբեջանալեզու բաժինների ղեկավար Ռամիլա Ալիևայի պաշտոնավարումը՝ որպես փաստարկ ներկայացնելով վերջինիս հրապարակումներն ու ադրբեջանամետ մոտեցումները:
Ի պաշտպանություն Ռամիլա Ալիևայի, Վրաստանում Ադրբեջանի դեսպանության ֆեյբուքյան պաշտոնական էջը գրառում էր տարածել հետևյալ գրությամբ՝ «Տիկին Ռամիլա Ալիևա, Դուք մենակ չեք։ Մենք ձեզ հետ ենք։ Մենք աջակցում ենք ձեզ»։
Այս մասին Jnews-ը զրուցել է քաղաքագետ, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլիի հետ։ Վերջինս ընդգծում է՝ Ադրբեջանի դեսպանատան կողմից այդ քայլը միանշանակ սխալ էր:
«Կարծում եմ, տիկին Ալիևան պետք է հանդես գար հայտարարությամբ և նշեր, որ այս ամենը Վրաստանի գործն է, և ինքն այս երկրի քաղաքացի է, ըստ այդմ՝ հարցը պետք է լուծվի երկրի ներսում»։
Այն հարցին, ինչքանո՞վ է ճի՞շտ, որ Առաջին Ալիքի հայալեզու բաժնի ղեկավարը լինի ազգությամբ ադրբեջանցի, Զաքարեիշվիլին պատասխանեց, որ իր համար նշանակություն չունի ազգությունը, կարևորն այն է, որ այդ աշխատակիցը Վրաստանի քաղաքացի է, և աշխատանքի մեջ կարևոր չէ մարդն ինչ ազգություն ունի, կարևորը նրա աշխատանքի որակն ու պատասխանատվությունն է:
«Այս պահին բոլորիս համար էլ պարզ է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը լարված է։ Վրաստանի հարևանությամբ իրադարձություններ են տեղի ունենում և որպես ինֆորմացիոն աղբյուր, կարծում եմ, պետք է լուսաբանվի բոլոր իրադարձությունները։ Սխալ եմ համարում լրագրողների լռությունը, ինքս չեմ հետևում հեռուստաալիքներին, հատկապես Առաջին Ալիքը համարում եմ քաղաքականացված ալիք, որն աշխատում է ոչ թե հասարակության, այլ քաղաքականության համար։ Կրիտիկական վերաբերմունք ունեմ այդ ալիքի նկատմամբ»։
Հարկ է նշել, որ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների շուրջ Հանրային հեռուստաալիքի ոչ բավարար լուսաբանման կապակցությամբ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության անցկացրած նստացույցի արդյունքում, «Կիրակի օրվա մոամբա» հաղորդման շրջանակներում 15 րոպե տևողությամբ տեսանյութ է եթեր գնացել, որտեղ խքոսվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։