
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա և Վաչիան գյուղերի բնակիչները բողոքում են կաթի ցածր գնից, սակայն միևնույն է այն վաճառում են վերամշակող գործարաններին, քանի որ համարում են, որ այլ տարբերակ չունեն։ Պանիր արտադրողներն էլ իրենց հերթին դժգոհում են, որ պանիրը չի վաճառվում և էժանացել է, և իրենք ստիպված են կաթը գնել ցածր գներով։
Սուլդա գյուղի բնակիչները հավասարապես զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Բնակիչների մեծ մասը երեքից ավելի կով ունի: Բնակիչները կաթը հիմնականում վաճառում են պանիր արտադրողներին, սակայն բնակիչներին չի գոհացնում գինը, որով հանձնում են։
«Մի լիտրը 1 լարիով են գնում, հանձնում ենք, այլ տարբերակ չկա: Գումարը վերցնում ենք, որ մնացած ծախսերը հոգանք: Պանիրն էլ չի վաճառվում, 1 կգ-ը փոխանակում ենք 5 լարիով: Ես 5 կով ունեմ, ձեռնտու չէ այս գնով հանձնելը, բայց ինչ անենք, ուրիշ տարբերակ չկա: Մենք խոտ ենք ծախում, այս տարի դա էլ է էժան, մեզ դա էլ ձեռնտու չէ, 1 տուկը 5 լարի է»,- ասաց Սուլդա գյուղի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ։
Ձմռանը պանիր արտադրողները կաթը գնում էին կիլոգրամը 1,60-1,80 լարիով։ Ամռանը ցածր գին են առաջարկում՝ պատճառաբանելով, որ պանիրն էժանացել է և չի վաճառվում։
Սուլդա գյուղի մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ ամռանը պանիր պատրաստելու ժամանակ չեն ունենում, դաշտերում են աշխատում: Նրա խոսքով, սեզոնին մեկ կովի համար հովվին վճարում են 125 լարի։
«Աշխատանքը շատ է, հիմա խոտհունձով ենք զբաղված: Ես հինգ կով ունեմ, մեզ համար ավելի հարմար է կաթը հանձնել, պանիր պատրաստելու ժամանակ չունենք, թեպետ չես հասկանում ինչ անես, քանի որ ձեռնտու չէ ո՛չ հանձնելը, ո՛չ կաթից պանիր պատրաստելը»,- ասում է Սուլդա գյուղի մեկ այլ բնակիչ։
Կաթնամթերքի որոշ արտադրողներ գարնանը որոշակի ժամանակով դադարեցրեցին գյուղացիներից կաթ գնելը՝ պատճառաբանելով, որ իրենց պանիրը մնացել է, չի վաճառվում։ Հետո վերսկսեցին գնելը, սակայն գինը սկզբում իջեցրեցին մինչև 1,40 լարի, իսկ հետո՝ 1 լարի։
Վաչիան գյուղի բնակչուհի Լյուբա Ալեքյանը 4 կով է պահում, ըստ նրա, կաթը շատ էժան է հանձնում, բայց միևնույն ժամանակ անհանգստանում է, քանի որ իմացել է, որ գնորդը որոշել է հրաժարվել կաթ գնելուց։
«Պանիր պատրաստելը դժվար է, պետք է կրակ վառել, պատրաստել ժամանակին, որովհետև կաթը կարող է թթվել: Օրինակ այսօր իմ պանիրը չստացվեց, շատ գործ ունեի, երբ հերթը հասավ կաթին, այն արդեն թթվել էր, կաթ հանձնելը ավելի հեշտ ու հարմար է: Մենք գյուղում արտադրամաս ունենք, բայց ուրիշ գյուղերից էլ են գալիս գնում, ասում են մեր գյուղի արտադրողն այլևս չի գնելու, ասում է՝ պանիրը չի վաճառվում»,- ասում է վաչիանցի Լյուբա Ալեքյանը։