Ռուսաստանը շարունակում է մնալ առաջատարն այն երկրների շարքում, որտեղից Վրաստանն ամենաշատ դրամական փոխանցումներ է ստանում։ Այս հետեւությունը կատարելու հնարավորությունը տալիս է Վրաստանի Ազգային բանկի կողմից այսօր հրապարակված տվյալները։
2022 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանից դրամական փոխանցումներն աճել են 492,2%-ով։
Հունիսին Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան է փոխանցվել 231,438 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 39,081 մլն դոլար։
Միևնույն ժամանակ, նախորդ ամսվա համեմատ, Ռուսաստանից Վրաստան փոխանցումների ծավալը նվազել է՝ 2022 թվականի մայիսին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել ռեկորդային՝ 313,902 մլն ԱՄՆ դոլար։
2022 թվականի հունիսին Վրաստան ամենաշատ գումար փոխանցված երկրների թոփ տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Ռուսաստան՝ 231,438 մլն դոլար,
- Իտալիա՝ 35,571 մլն ԱՄՆ դոլար,
- ԱՄՆ ՝ 27,655 միլիոն դոլար,
- Հունաստան ՝18,820 մլն դոլար,
- Ղազախստան՝ 17,264 մլն դոլար;
- Իսրայել՝ 16,941 մլն դոլար;
- Գերմանիա՝ 13,954 մլն ԱՄՆ դոլար,
- Թուրքիա՝ 8,443 մլն դոլար,
- Ղրղզստան՝ 6,971 մլն դոլար,
- Բելառուս՝ 5,302 մլն դոլար: