
Հողատարածքի առք և վաճառքի պայմանագիրը չեղյալ համարելու նպատակով, որը գյուղացիները օգտագործում են որպես արոտավայր և ճանապարհ, Չամդուրա գյուղի բնակիչները դիմեցին Շրջանային վարչություն և խորհրդարանի պատգամավորներին:
Այսօր առավոտյան Չամդուրա գյուղի բնակիչները, մոտ 80 մարդ, դիմումով եկել էին Ախալքալաքի Շրջանային Վարչություն: Դիմումի տակ ստորագրել էր գյուղի 240 բնակիչ: Նույն բովանդակությամբ նամակներ հասցեագրված էին խորհրդարանի պատգամավորներ` Հենզել Մկոյանին, Սամվել Մանուկյանին և շրջանի ղեկավարության հասցեին: Նամակով գյուղի բնակիչները խնդրում են անվավեր ճանաչել Չամդուրա գյուղի հողատարածքի վաճառքը Վալերի Մարաբյանին:
Գյուղացիները դժգոհում են, որ իրենք չեն իմացել հողատարածքի վաճառքի մասին:
Աշոտ Թորոսյանը ասում է, որ նրանք այսօր եկել են միակ խնդրանքով՝ գյուղացիներին հետ վերադարձնել այդ հողակտորից օգտվելու հնարավորությունը:
«Եթե որոշում կայացվի հօգուտ սեփականատիրոջ, մենք միևնույն է բողոքելու ենք: Կդիմենք Թբիլիսի, բոլոր ատյաններ: Թող նրան տան մեկ այլ հողակտոր», – ասում է Աշոտ Թորոսյանը:
Դիմումով Չամդուրա գյուղի բնակիչները բարձրացան Վարչության նախագահի սենյակ, որտեղ բանակցություններ տարվեցին խնդրի հնարավոր լուծման շուրջ: jnews.ge-ի լրագրողին չթույլատրեցին ներկա գտնվել բանակցություններին: Բանակցություններից հետո գյուղացիները դուրս եկան դժգոհ:
Չնայած դեռ Չամդուրա գյուղի բնակիչներին անհրաժեշտ է սպասել պատասխանի, բայց նրանք արդեն վստահ են,որ այն լինելու է բացասական:
«Մեր դիմումն ընդունեցին: Սակայն ասացին, որ հողի վաճառքը կատարվել է օրենքի շրջանակներում: Մեր դիմումի պատասխանը արդեն ակնհայտ է: Մենք դիմելու ենք դատարան », – ասում է Չամդուրա գյուղի գյուղապետ Ֆեդյա Թորոսյանը:
Ղևեն Մելքոնյանը կարծում է, որ դատարանից նույնպես նրանք իրենց համար դրական պատասխան չեն ստանա:
«Ինձ թվում է, որ այնտեղ նույնպես նույն պատասխանն են տալու, որ ամեն ինչ օրենքով է», – ասում է Ղևեն Մելքոնյանը:
Գյուղացիները դեռ մտածում են իրենց խնդրի հնարավոր լուծման տարբերակների մասին ու ասում են, որ նրանք գնալու են մինչև վերջ:
Շուշան Շիրինյան