նորություններ 10 Սեպտեմբերի, 2026 • Ուսանողի կարգավիճակը կնշվի նաև անձը հաստատող քարտի QR կոդում

Վրաստանի անձնագրային էլեկտրոնային վկայականի (ID քարտի) վրա տեղադրված QR կոդի միջոցով ուսանողներին հնարավորություն է տրվում հեշտությամբ օգտվելու տարբեր զեղչերից։ Այս տեղեկությունը տարածել է Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ փաստաթղթի վրա ուսանողի ակտիվ կարգավիճակի ավելացումն ապահովում է հենց ինքը՝ գործակալությունը, իսկ նշված ծառայությունն ուսանողների համար լիովին անվճար է։

Համակարգը ուսանողներին հնարավորություն է տալիս պարզեցված կարգով օգտվելու այնպիսի ծառայությունների արտոնություններից, ինչպիսիք են՝ հանրային և երկաթուղային տրանսպորտով երթևեկությունը, թանգարաններ և բուսաբանական այգիներ այցելությունը և այլն։

Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը մանրամասն պարզաբանում է նաև այն ընթացակարգերն ու պայմանները, որոնք անհրաժեշտ են ID քարտի QR կոդում ուսանողի կարգավիճակի արտացոլման համար։

«Եթե անձը Կրթության նախարարության ուսումնական հաստատությունների ռեգիստրում գրանցված է որպես բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող, որի կարգավիճակը կասեցված կամ դադարեցված չէ անձնագրային (կացության) էլեկտրոնային վկայական տալու մասին որոշում կայացնելիս, կամ` եթե անձն արդեն տիրապետում է QR կոդ պարունակող ID քարտի, նրա դիմումի համաձայն՝ Պետական ծառայությունների զարգացման գործակալության էլեկտրոնային տվյալների բազայում կարտացոլվի տեղեկատվություն ուսանողի կարգավիճակի մասին, որի ստուգումը հնարավոր կլինի ID քարտի վրա տեղադրված QR կոդի միջոցով։

Շահագրգիռ անձը կարող է դիմել Պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային ծառայություններ, Արդարադատության տան մասնաճյուղեր և Շարժական արդարադատության տներ՝ ուսանողի կարգավիճակի մասին տեղեկատվությունը բազայում արտացոլելու և QR կոդով հասանելի դարձնելու պահանջով։

Դիմումի ներկայացումը հնարավոր է ինչպես ID քարտ ստանալու հայտի հետ միասին, այնպես էլ արդեն տրված փաստաթղթի վրա։

Տվյալների բազայում ուսանողի կարգավիճակի արտացոլման և QR կոդով դրա հասանելիության վերաբերյալ որոշումը գործակալությունը կայացնում է ID քարտի տրամադրման համար սահմանված ժամկետում, իսկ արդեն տրված ID քարտի դեպքում՝ համապատասխան դիմումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում»,- նշված է գործակալության կայքում։

Գործակալությունը նաև տեղեկացրել է, որ նշված ծառայության տրամադրումը կմերժվի, եթե․

Ուսումնական հաստատությունների ռեգիստրում անձի մասին տեղեկություն չկա։
Անձը գրանցված չէ որպես բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող։
Ռեգիստրի տվյալներով՝ անձի ուսանողական կարգավիճակը կասեցված կամ դադարեցված է։
Կասեցված է ID քարտի գործողությունը։
Շահագրգիռ անձը կարող է նաև դիմել նշված մարմիններին՝ ուսանողական կարգավիճակի հասանելիությունը սահմանափակելու պահանջով, որի բավարարման դեպքում տեղեկատվությունը QR կոդի միջոցով այլևս հասանելի չի լինի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝