Վրաստանում հրապարակվել են 2026 թվականի միասնական ազգային քննություններում ընդհանուր ունակությունների քննության արդյունքները։ Դիմորդների համար սա ընդունելության գործընթացի կարևոր փուլերից մեկն էր, իսկ այս տարվա քննություններն անցկացվեցին կրթական համակարգում կատարված մի շարք փոփոխությունների պայմաններում:
Այս տարի ընդունելության գործընթացն առանձնանում է մի շարք համակարգային փոփոխություններով։ Մասնավորապես, որոշ ֆակուլտետներում կրճատվել են ընդունելության տեղերը, ինչի հետևանքով դիմորդների միջև մրցակցությունն ավելի է սրվել։ Չնայած փոփոխություններին՝ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար շարունակում է գործել «1+4» կրթական ծրագիրը, որի շրջանակներում նրանք պետական բուհ ընդունվելու համար չորս քննության փոխարեն հանձնում են միայն մեկ քննություն՝ մայրենի լեզվով։ Այնուհետև մեկ տարի սովորում են վրացերեն, իսկ նախապատրաստական փուլն ավարտելուց հետո շարունակում ուսումը բակալավրիատի առաջին կուրսում։
«1+4» ծրագիրը գործում է 2010 թվականից և նպատակ ունի ապահովել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հավասար հասանելիությունը բարձրագույն կրթությանը։
Jnews-ը խոսել է այս տարվա դիմորդների հետ, նրանք կիսվել են իրենց փորձառությամբ և կարծիքներով, նրանցից մեկը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղից Դիանա Ասլանյանը, ընդհանուր ունակությունների քննությունից հավաքել է 69 միավոր՝ հնարավոր 80-ից։
Դիանան պատմում է, որ Մամզարայի հանրային դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։ Դպրոցական տարիներին ակտիվորեն մասնակցել է կամավորական նախաձեռնությունների, ինչը, իր խոսքով, պայմանավորված էր ծննդավայրի նկատմամբ ունեցած սիրով և համայնքին օգտակար լինելու ցանկությամբ։
Նրա խոսքով՝ քննություններին հիմնականում պատրաստվել է ինքնուրույն։ Մաթեմատիկայի գիտելիքները ստացել է դպրոցում, իսկ տրամաբանական մտածողության զարգացման նպատակով մասնակցել է ընդամենը ութ դասընթացի։
«Իմ ամբողջ մաթեմատիկական գիտելիքները ստացել եմ դպրոցից, ինչի համար շնորհակալ եմ իմ մաթեմատիկայի ուսուցչուհի Մելանյա Թադևոսյանին և դպրոցի տնօրեն Վահրամ Մանասյանին»,- նշում է նա։
Դիմորդի համար քննության օրը նաև անձնական նշանակություն ուներ, քանի որ այն համընկել էր իր ծննդյան օրվա հետ։ Չնայած քննության նախորդ օրը քաղաք տեղափոխվելու որոշմանը՝ լարվածությունը չի նվազել։
«Այնքան էի անհանգստանում, որ ամբողջ գիշեր գրեթե չքնեցի։ Երբ մտա քննասենյակ, ձեռքերս լարվածությունից դողում էին, սակայն առաջին հինգ րոպեից հետո արդեն կարողացա կենտրոնանալ և հանգիստ շարունակել քննությունը»,- պատմում է Դիանան։
Քննությունից հետո նա դուրս է եկել լավ տրամադրությամբ, թեև փորձել է մեծ սպասելիքներ չունենալ։
«Երբ տեսա, որ 69 միավոր եմ հավաքել, ուրախությունից սկսեցի թռչկոտել։ Այդ պահին հասկացա, որ իմ աշխատանքի արդյունքը գնահատվել է»,- ասում է նա։
Խոսելով ապագայի մասին՝ Դիանան նշում է, որ ցանկանում է հասնել ակադեմիական հաջողությունների և իր գիտելիքներով օգտակար լինել հասարակությանը։
«Հուսով եմ՝ մի օր իմ աշխատանքով, նվիրումով և ձեռքբերումներով կկարողանամ այնպես ապրել, որ իմ տարածաշրջանը հպարտանա ինձնով։ Իսկ եթե կարողանամ թեկուզ մեկ երիտասարդի ներշնչել հավատալ սեփական ուժերին և համարձակորեն գնալ իր նպատակների հետևից, կհասկանամ, որ իմ հետքն եմ թողել այն վայրում, որն ինձ ձևավորել է»,- եզրափակում է նա։
Ընդհանուր ունակությունների քննության արդյունքների հրապարակումից հետո դիմորդներն այժմ սպասում են ընդունելության գործընթացի հաջորդ փուլերին։ Առաջիկայում հայտնի կդառնան նաև բուհերում տեղաբաշխման վերջնական տեղեկությունը։



