նորություններ 31 Հուլիսի, 2026 • Հաստատվել է պետական համալսարանների ֆինանսավորման նոր մոդելը

Վրաստանի կառավարության որոշմամբ հաստատվել է պետական համալսարանների ֆինանսավորման նոր մոդելը, որն աստիճանաբար ուժի մեջ կմտնի 2026–2027 ուսումնական տարվանից: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության նախարարությունը:

Կրթության նախարարության տվյալներով՝ մոդելը, որը մշակվել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ, ներառում է երկու հիմնական բաղադրիչ՝ բազային և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում:

«Բազային ֆինանսավորումը ենթադրում է ֆինանսավորման որոշում՝ ըստ ակադեմիական ծրագրերի տարբերվող արժեքի, ուսման ոլորտների և բարձրագույն կրթության աստիճանների՝ բակալավրիատի ու մագիստրատուրայի: Բացի այդ, համալսարանների ֆինանսավորման ժամանակ հաշվի է առնվելու նաև ուսանողների քանակը, ինչն ապահովելու է ուսումնական գործընթացի և ուսանողների սպասարկման հետ կապված բազային ծախսերի ծածկումը:

Բազային ֆինանսավորմանն աստիճանաբար կավելանա կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման բաղադրիչը, որն ուղղված կլինի պետական պատվերի կատարման արդյունքներին: Սա ներառում է հետևյալ ուղղությունները. կրթության որակ և համապատասխանություն շուկայի պահանջներին, հետազոտությունների, զարգացման ու նորարարությունների որակի բարելավում, ինտերնացիոնալացման աջակցություն, տարածաշրջանային զարգացման աջակցություն, բարձրագույն կրթության հասանելիության աճ:

Նախարարությունը, պետական համալսարանների հետ համագործակցությամբ, յուրաքանչյուր համալսարանի առաքելության, նպատակների, պրոֆիլի և ռեսուրսների հաշվառմամբ, անհատապես կսահմանի պայմանագրային ֆինանսավորման պայմանները:

Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման բաղադրիչը յուրաքանչյուր պետական համալսարանի հնարավորություն կտա սեփական ներդրումն ունենալ ազգային նպատակների հասնման գործում և մշտապես կողմնորոշված լինել կրթության որակի զարգացման վրա:

Նոր մոդելը պետական համալսարաններին կօգնի զարգացնել համապատասխան կրթական ծրագրեր, ապահովել ուսուցման բարձր որակ և ակադեմիական, վարչական ու օժանդակ անձնակազմի համար ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններ և մրցունակ վարձատրություն:

Բարձրագույն կրթության բարեփոխման հիմնական նպատակն է բարձրագույն կրթության որակի և հասանելիության աճը: Նոր մոդելի ներդրումը հենց այս նպատակին է ծառայում. պետական ֆինանսավորումն ուղղված կլինի բարձրագույն կրթության որակի և հասանելիության աճին, համալսարանների հետազոտական ներուժի ուժեղացմանն ու բարձրագույն ուսումնական հաստատությունների երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացման աջակցմանը:

Ֆինանսավորման նոր մոդելի ներդրման առաջին փուլի համար պետական բյուջեից հավելյալ կհատկացվի 42 միլիոն լարի, և 2027 թվականին բարձրագույն կրթության ֆինանսավորման ընդհանուր ծավալը կհասնի 170 միլիոն լարիի:

Ֆինանսավորման նոր մոդելի վրա Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ միասին աշխատում է մի քանի տարի: Նոր մոդելը մշակվել է համակարգում առկա կարիքների խորքային վերլուծության, լավագույն միջազգային փորձի ուսումնասիրման և միջազգային ու տեղական փորձագետների ներգրավմամբ՝ «Նորարարություն, ներառականություն և որակ, Վրաստան I2Q (WB)» ծրագրի շրջանակներում», – նշված է տարածված տեղեկատվության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝