նորություններ 21 Հունիսի, 2026 • Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանի  պատգամավորական անձեռնմխելիությունը չեղյալ է համարվել

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշում է կայացրել։ Որոշումը կայացվել է դռնփակ նիստում, լրագրողները նիստին մասնակցելու հնարավորություն չեն ունեցել։

Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ ԿԸՀ էր դիմել Գլխավոր դատախազությունը։ Դատախազությունից դեռ չեն հայտնել, թե ինչ հոդվածով են մեղադրանք առաջադրելու Քոչարյանին։ Երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանի փոխանցմամբ՝ մեղադրանք է առաջադրվելու պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։

ԿԸՀ որոշումից ժամեր առաջ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ծանոթացել է գործում առկա փաստաթղթերին, դրանք վերաբերում են տասնամյակներ առաջ՝ 2004 թվականին ՀՀ կառավարության կողմից կնքված մի գործարքի, որի հետ նրա պնդմամբ՝ առնչություն չունեն ոչ Քոչարյանը, ոչ էլ վերջինիս ընտանիքի անդամները։

Ինքը՝ Օրբելյանը, ունի հարցի պատասխանը, թե ինչու են իշխանություններն այդ գործարքի մասին հիշել 22 տարի անց։

«Ես դա փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, և այլ դրդապատճառ չեմ տեսնում։ Ասեմ նաև, որ հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են»,- հայտարարել է փաստաբանը։

Ի՞նչ գործարքի հետ են կապված Քոչարյանին առաջադրվող նոր մեղադրանքները

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը ԿԸՀ որոշումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնել էր, թե ինչ գործի շրջանակներում է Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել համաձայնություն տալ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելուն։

Նրա փոխանցմամբ՝ խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ կատարված մի գործարքի, որը հաստատել է ՀՀ կառավարությունը․

«Կառավարության որոշումը որևէ կերպ չի վիճարկվել և այդ գործարքի հետ պարոն Քոչարյանը որևէ առնչություն չունի, ընտանիքի անդամները՝ նույնպես»։

Օրբելյանը հայտարարել էր՝ շարադրված փաստերը «չեն նկարագրում որևէ հանցագործություն»։

Միևնույն ժամանակ տեղեկացրել էր՝ գործարքից տարիներ անց՝ 2008 թվականին, երբ Քոչարյանն արդեն պաշտոն չէր զբաղեցնում, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը՝ վճարելով համարժեք գումար։

«Եվ հիմա դա ինչ-որ ձևով փորձում են կապել 2004 թ․-ի գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է»,- մանրամասնել էր նա։

Փաստաբանի խոսքով՝ այդ տարածքը վարձակալությամբ է հանձնված եղել, վարձակալը իր գումարներով սկսել է կառուցապատում իրականացնել, սակայն 2008 թ․-ին ֆինանսական որոշակի խնդիրներ է ունեցել և ներդրողներ փնտրելու ժամանակ առաջարկ է արել նաև Սեդրակ Քոչարյանին, որն էլ մասնակցություն է ունեցել այդ գործընթացում։

«Այդ գործընթացում որևէ կրիմինալ չկա, հանցագործության հետ կապված որևէ հանգամանք չկա»,- վստահեցրել էր Օրբելյանը։

«Ինչ-որ գործ են «կարել» ու դիմել ԿԸՀ»․ Քոչարյանի գրասենյակ

Երկրորդ նախագահին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի շուրջ քննարկումների ֆոնին հայտարարությամբ էր հանդես եկել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Գործընթացը որակել էր որպես «օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակություն»։

Միկոյանը հիշեցրել էր՝ օրեր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա և եզրակացրել՝ «նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով»․

«Կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ։ ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում, միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա, կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել»։
Միկոյանի գնահատմամբ՝ վարչապետ Փաշինյանը հերթական անգամ իրավապահներին դարձնում է «հանցակից»։

Պնդել էր՝ որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունեն, իսկ նախագահ Քոչարյանը որևէ գործով չի հարցաքննվել:

Բավարարվել է ևս մեկ միջնորդություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկել և բավարարել է նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝