«Ուսանողների կրթության ֆինանսավորման ծրագրի» փոփոխությունները ուժի մեջ կմտնեն այս տարվա աշնանային կիսամյակից, որի շրջանակներում հաջողակ մագիստրոսների կրթաթոշակը կիսամյակի համար 562.5 լարիից կաճի մինչև 1000 լարի,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքային կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով, կմեկնարկի նաև «Երիտասարդ գիտնականները՝ Թբիլիսիի համար» անվամբ նոր ծրագիր։
«Ծրագրի շրջանակներում մենք հետազոտական դրամաշնորհներով կֆինանսավորենք երիտասարդ հետազոտողներին, ովքեր կաշխատեն մայրաքաղաքի մարտահրավերների լուծման և նորարարական գաղափարների մշակման ուղղությամբ, իսկ դեֆիցիտային ոլորտների բացահայտումը կիրականացվի ամեն տարի՝ հաշվի առնելով քաղաքային կարիքները։ Կշարունակվի նաև մինչև 2026-2027 ուսումնական տարին պետական կամ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու իրավունք ստացած ուսանողների կրթության ֆինանսավորման ծրագիրը», – ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, քաղաքապետարանը յուրաքանչյուր կիսամյակ ֆինանսավորում է սոցիալապես անապահով ուսանողների, բազմազավակ ընտանիքների անդամների և հաշմանդամություն ունեցող ուսանողների ուսման վարձը։
««Ուսանողների ուսման վարձի ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում այս տարի ֆինանսավորում են ստացել 1280 սոցիալապես անապահով ուսանողներ, բազմազավակ ընտանիքների ավելի քան 500 անդամներ և հաշմանդամություն ունեցող մոտ 50 ուսանողներ։ Բացի այդ, մենք ողջունում ենք Կրթության, գիտության և երիտասարդության նախարարության կողմից այս ուղղությամբ նախաձեռնված բարեփոխումը, որը նախատեսում է պետական համալսարաններում ուսման վարձի լիարժեք ֆինանսավորում։ Մենք կարծում ենք, որ այս փոփոխությունը զգալիորեն կբարձրացնի բարձրագույն կրթության մատչելիությունն ու որակը», – նշել է Թբիլիսիի քաղաքապետը։



