Ախալքալաքի մունիցիպալիտետի տասնյակ բնակիչներ հայտնվել են միգրացիոն թակարդում. ունենալով արտասահմանում աշխատելու համար ձեռք բերված ՀՀ կամ ՌԴ քաղաքացիություն, մեծ տուգանքների պատճառով, նրանք այժմ չեն կարողանում լքել Վրաստանը կամ օրինականացնել իրենց մնալը, և փաստորեն զրկված են իրենց տանը մշտապես բնակվելու իրավունքից։
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում նման դեպքերը քիչ չեն։ Ճշգրիտ տվյալներ չկան, բայց տասնյակ հազարավոր Ջավախքի բնակիչներ, երբ 2007-2008 թվականներին Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները վատթարացան և Վրաստանի քաղաքացիները զրկվեցին Ռուսաստան մեկնելու հնարավորությունից, քաղաքացիություն ստանալու համար, դիմեցին Հայաստան կամ Ռուսաստան, մինչդեռ Ջավախքի աշխատունակ տղամարդկանց մեծ մասը այնտեղ էր գումար վաստակում և շարունակում է վաստակել։ Հետագայում շատերը կորցրեցին իրենց վրաստանի քաղաքացիությունը, քանի որ ընդունեցին այլ քաղաքացիություն։
Ոմանք պատրաստ են խոսել իրենց վիճակի մասին, մինչդեռ որոշները նախընտրում են լռել։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Արագվա գյուղի թոշակային տարիքի բնակիչը պատմեց, որ տարիներ առաջ իր ընտանիքը պահելու համար ստացել է Հայաստանի քաղաքացիություն և մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի։ Նա ծնվել է այստեղ, նրա ողջ ընտանիքը՝ կինը, երեխաները և թոռները, ապրում են Վրաստանում։
Այսօր նա չի կարող լքել Վրաստանը, քանի որ խախտել է միգրացիոն օրենսդրությունը։ Օրենքով, օտարերկրյա քաղաքացիներին արգելվում է մեկ տարուց ավելի երկրում մնալ։ Վրաստանում մեկ տարի մնալուց հետո նա պարտավոր էր սահմանը հատել առնվազն երկու օրով։
Տղամարդը տուգանված է 3000 լարիով, որը նա ի վիճակի չէ վճարել։ Սակայն, Վրաստանում մնալով նա շարունակում է խախտել միգրացիոն օրենքը։
«Ես ուզում էի գնալ Երևան, բայց ինձ թույլ չտվեցին։ Ասացին, որ եթե ես լքեմ Վրաստանը, ինձ կարտաքսեն երեք տարով։ Ես պետք է վճարեմ 3000 լարի տուգանք, բայց ես այդքան գումար չունեմ։ Ես չեմ կարող երեք տարի ապրել Հայաստանում, ես այնտեղ ապրելու տեղ չունեմ։ Նախկինում, երբ ես խախտում էի կանոնները, վճարում էի 360 լարի և անցնում սահմանը։ Ես երեք անգամ վճարել եմ 360 լարի։ Հիմա ինձ ասացին, որ ես ուշացել եմ», — պատմում է Արագվայի բնակիչը։
Նա ուզեցել է դիմել բնակության թույլտվություն ստանալու համար, բայց այն ևս չի չստացվել։
«Ասացին, որ այն կարող է տրամադրվել միայն տուգանքը վճարելուց հետո։ Չգիտեմ ինչ անեմ։ Թող այս անգամ ներեն ինձ», — ասում է նա։
Ախալքալաքի մունիցիպալիտետում նմանատիպ դեպքերը շատ են։ Ոմանց ամուսիններն են այս իրավիճակում, ոմանց՝ կանայք, իսկ ոմանք էլ իրենք են բախվել այս խնդրին։
Կենսաթոշակառուն ասում է, որ հասկանում է իրավական պահանջները, սակայն քաղաքացիությունը վերականգնելու համար անհրաժեշտ վրացերենի քննությունը չի կարողանում հանձնել։ Նա մոտ 70 տարեկան է։
2025 թվականի հոկտեմբերի 1-ից օրենսդրությունը խստացվել է Վրաստանում գտնվելու կանոնները խախտող օտարերկրացիների նկատմամբ։ Արտաքսման ընթացակարգերը պարզեցվել են, իսկ տուգանքներն՝ ավելացվել։
Մասնավորապես, հոկտեմբերի 1-ից երկրում գտնվելու կանոնները խախտելու համար տուգանքը կազմում է 1000-ից 3000 լարի, ինչպես նաև արգելվում է որոշակի ժամկետ Վրաստան մուտք գործել։
Հոկտեմբերի 1-ի «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» համաձայն՝
«Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Վրաստանում գտնվելը մինչև երեք ամիս՝ օրինական մնալու ժամկետի ավարտից հետո, կհանգեցնի 1000 լարի տուգանքի և վեց ամսով Վրաստան մուտք գործելու արգելքի։
Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Վրաստանում օրինական գտնվելու ժամկետի ավարտից մինչև մեկ տարի մնալը կհանգեցնի 2000 լարի տուգանքի և երկու տարի ժամկետով Վրաստան մուտք գործելու արգելքի։
Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Վրաստանում օրինական գտնվելու ժամկետի ավարտից մեկ տարուց ավելի մնալը կհանգեցնի 3000 լարի տուգանքի և երեք տարի ժամկետով Վրաստան մուտք գործելու արգելքի»։



