նորություններ 14 Հունիսի, 2026 • Բարձրագույն կրթության մոդելում փոփոխություններ՝ ինչ է սպասվում ազգային փոքրամասնություններին

Վրաստանի կառավարության կողմից առաջարկվող բարձրագույն կրթության համակարգի փոփոխությունները շարունակում են քննարկումների և քննադատությունների առիթ դառնալ։ Մասնագետներն ու ուսանողները մտահոգված են բուհական տեղերի վերաբաշխմամբ, անվճար կրթության ֆինանսավորման մեխանիզմներով և հատկապես «1+4» ծրագրի կրճատմամբ, որը տարիներ շարունակ նպաստել է ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը և պետական լեզվի ուսուցմանը։

Իլիայի պետական համալսարանի կրթության և քաղաքականության բնագավառում պրոֆեսոր Քեթի Ցոտնիաշվիլին մեզ հետ զրույցում նշում է, որ կառավարության կողմից պլանավորած այսպես կոչված բարեփոխումը ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան կարգավորում է կրթական համակարգում առկա բացերը, նրա կարծիքով դրանցից մեկը այն է, որ տարբեր համալսարաններում տարբեր բաժիններ կրճատելով առաջանում են հարցեր, թե օրինակ ի՞նչ սկզբունքով են առաջնորդվել, թե որ համալսարանում որ ֆակուլտետն է շարունակելու լինել:

«Օրինակի համար կարող ենք վերցնել բիզնես կառավարման բաժինը, ԹՊՀ անցած տարի ընդունել է 700 ուսանող իսկ այս տարի ընդունելու են 1800 ուսանողի, համալսարանից մի շարք դասախոսներ են խոսում և փորձում բարձրաձայնել այն մասին, որ իրականում չի իրականացվել ոչ մի հետազոտություն, թե արդյոք համալսարանը պատրաստ է այդ քանակով ուսանող ընդունել այդ բաժին, ունի արդյոք դրա մարդկային, պրոֆեսիոնալ կամ նյութական հնարավորություններ, որ կարողանա ապահովել ուսանողի որակյալ և մատչելի կրթությունը», — ասում է նա:

Մեր այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի անվճար կրթության մասին, Ցոտնիաշվիլին պատասխանում է, որ միայն կողմ է անվճար կրթությանը, սակայն պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում այն: Նա նշում է, որ կառավարության կողմից հատկացված բյուջեով ամեն տարի հազիվ հնարավոր էր լինում ապահովել մոտ 11 հազար ուսանողի ուսման վարձ դա էլ այն դեպքում եթե ուսանողը ունենում էր %50, %70 կամ %100 գրանտ, իսկ հիմա նույն բյուջեով պատրաստվում են մոտ 20 հազար ուսանողի 100% անվճար կրթություն ապահովել:

Խնդիրները քիչ չեն նաև «1+4» ծրագրի հետ կապված, ուսանողների և դասախոսների շրջանում կան մի շարք մտահոգություններ կապված այս ծրագրի ապագայի հետ: Այս մասին խոսել ենք Իլիայի պետական համալսարանի բարձրագույն կրթության կառավարման մագիստրոսական ծրագրի ուսանող, ակտիվիստ Էդիկ Քամալյանի հետ, ով համալսարան է ընդունվել այս ծրագրի շնորհիվ:

«Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ «1+4» ծրագիրը բացի այն, որ օգնել է բուհ ընդունվել, նաև նպաստել է վրացերեն լեզվի իմացության և վրաց հասարակությունում իմ ինտեգրման պրոցեսի վրա, այն տալիս է հմտություններ, որոնց միջոցով ուսանողը հետագայում կարողանում է իր պոտենցիալը ռեալիզացնել տարբեր շրջանակներում: Այս ծրագիրը ստեղծվել է հիմնական նպատակի համար, այն է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների ինտեգրումը և պետական լեզվի մակարդակի բարելավումը, այս պահի դրությամբ կրթական համակարգը չունի ալտերնատիվ առաջարկ և շատ կարևոր է այս ծրագրի էֆեկտիվ իրականացումը»:

Էդիկի կարծիքով, տեղերի սահմանափակման գործընթացը շատ վատ է ազդելու հենց էթնիկ փոքրամասնությունների այն ներկայացուցիչների վրա, ովքեր ուզում են բարձրագույն կրթությունը հենց Վրաստանում ստանալ:

«Բարեփոխումների շրջանակներում, ինչպես հայտնի է, ամենաշատ կրճատումներ Իլիայի պետական համալսարանում եղան, եթե անցած տարի «1+4» ծրագրի համար հատկացված էր 502 տեղ, ապա այս տարի տեղերի ընդհանուր քանակը կազմում է 48-ը: Իհարկե, ինչքան քիչ դիմորդ լինի այս ծրագրի համար և ինչքան քիչ երիտասարդ իր կրթությունը շարունակի Վրաստանում, այնքան ավելի կնվազի ինտեգրման պրոցեսը, և արդյունքում կնվազի այն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդների քանակը, ովքեր տիրապետում են պետական լեզվին, ունեն բավարար հմտություններ աշխատելու տարբեր ոլորտներում և իրենց համարում են վրաց հասարակության լիիրավ անդամ», — նշում է նա:

Էդիկի կարծիքը կիսում է նաև դասախոս Ցոտնիաշվիլին, նրա խոսքով սա մեծ հարված կլինի էթնիկ փոքրամասնությունների ապագայի վրա, բացի դա նա նշում է մի շարք խնդիրների մասին, օրինակ եթե ուսանողը անցած տարի ընդունվել է համալսարան «1+4» ծրագրով, իսկ սեպտեմբերից իր ուզած բաժինը չի լինելու այդ համալսարանում, ապա նա կանգնում է շատ մեծ փաստի առաջ: Իսկ Էդիկի խոսքով կրճատումներով պայմանավորված խախտվում է նաև դիմորդի ընտրության իրավունքը, օրինակ եթե դիմորդը ուզում էր ընդունվել Իլիայի պետական համալսարան, բայց թե «1+4» ծրագրի և թե մասնագիտությունների կրճատումների հետ կապված, ստիպված է լինելու փոխել իր ընտրությունը կապված թե համալսարանի և թե մասնագիտության ընտրության հարցում:

Տեղեկության համար նշենք, որ այս տարի ուսանողների ընդունելության համար ամենամեծ քվոտան բաժին է հասել Թբիլիսիի պետական ​​համալսարանին՝ ընդունելության 6650 տեղով (անցյալ տարի ուներ 6928) և Տեխնիկական համալսարանին՝ 3880 տեղով (անցյալ տարի ուներ 4166):

Մեծ կրճատումներ եղել են Իլիայի պետական համալսարանում, այդ որոշումը իհարկե ուղեկցվեց համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների բողոքի ցույցերով և հանրահավաքներով, սակայն դրանք որևէ արդյունք չունեցան:

Թեև իշխանությունները ներկայացնում են նախաձեռնությունը որպես կրթական համակարգի բարելավմանն ուղղված քայլ, մասնագետներն ու ուսանողները պնդում են, որ մի շարք հարցեր դեռևս մնում են անպատասխան։ Հատկապես մտահոգիչ են ազգային փոքրամասնությունների համար նախատեսված հնարավորությունների կրճատումը, բուհերի պատրաստվածության շուրջ կասկածները և դիմորդների ընտրության իրավունքի սահմանափակումը։ Ակնհայտ է, որ բարեփոխումների իրական ազդեցությունը գնահատելու համար անհրաժեշտ են ավելի լայն քննարկումներ և հստակ հիմնավորումներ, որպեսզի փոփոխությունները ոչ թե նոր խոչընդոտներ ստեղծեն, այլ իսկապես նպաստեն կրթության որակի բարձրացմանը։

Ինչ վերաբերվում է «1+4» ծրագրի շրջանակնեում տեղերի բաշխմանը Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում, ապա այս մասին մանրամանսերը Jnews-ը կներկայացնի ավելի ուշ:

Այս թեմայով կարդացեք նաև Կրթական բարեփուխումներն ու դրանց հնարավոր հետևանքները

Ռատիանի․ «Ծրագրված բարեփոխումները չեն համապատասխանում շրջաններում առկա պահանջներին»

Ազգային փոքրամասնությունների ուսանողների կրթության իրավունքի պաշտպանության պահանջով…

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝