Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները երկրի ողջ տարածքում իրականացրել են ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառումներ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 45 անօրինական ներգաղթյալ, այդ թվում՝ Քենիայի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Պակիստանի, Ալժիրի, Թաիլանդի, Ուգանդայի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Տանզանիայի, Եթովպիայի, Նիգերիայի և Սուդանի քաղաքացիներ։
«Ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառումների շրջանակներում վարչության աշխատակիցները ստուգել են տարբեր նշանակության կոնկրետ վայրեր և օբյեկտներ, որոնց նպատակն էր Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը։ Պարզվել է, որ ձերբակալված անձինք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։
Ներկայումս ձերբակալվածները գտնվում են Միգրացիայի վարչության ժամանակավոր կալանքի կենտրոնում։ Ձեռնարկվում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից արտաքսելու համար», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։



