Ռուսաստանում ժամանակավորապես դադարեցվել է «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը: «Ջերմուկ Գրուպի»-ից խոստացել են արձագանքել:
Տեղեկությունը ՌԲԿ-ին հայտնել է Ռուսաստանի «Մրցունակ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» (մակնշման համակարգի օպերատոր) փոխտնօրեն Ռևազ Յուսուպովը: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ շրջանառության մեջ գտնվող 338 հազար շիշ «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը դադարեցվել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի գրության հիման վրա: Որպես արգելքի պատճառ գերատեսչությունը նշել է «պարտադիր պահանջների խախտումները» ու հավելել՝ անհրաժեշտ է «անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացիների կյանքի և առողջության հնարավոր վնասը կանխելու համար։
«Ջերմուկ Գրուպի»-ից «Ազատությանը» խոստացան գրավոր արձագանքել:
Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցեց՝ ՌԴ պետական համապատասխան մարմիններից «Ջերմուկի» հարցով որևէ պաշտոնական գրություն դեռ չեն ստացել:
«Այս պահին ձեռնարկվում է միջոցներ իրավիճակը հասկանալու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, ադյունքները՝ կհրապարակենք»,- ասաց Հարությունյանը:
«Չեստնի զնակ» պետական համակարգը «Ջերմուկ»-ի վաճառքը դադարեցրել էր նաև 2024թ.-ին, երբ Հյուսիսային Օսիայի 65-ամյա մի բնակիչ էր մահացել՝ ըստ ռուսական կողմի՝ Ջերմուկ խմելուց հետո: Այդ ժամանակ, ռուս իրավապահները պնդել էին, որ հանքային ջրի շշում քացախաթթու է եղել: Օրերս Ռուսաստանի Քննչական կոմիտեն վերսկսեց 2 տարի առաջ հարուցված այս գործի քննությունը՝ նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով:
«Ջերմուկ Գրուպ»-ը գործի վերաբացումից հետո հայտարարեց, թե ընկերության կամ աշխատակիցների դեմ որևէ մեղադրանք չկա: Ընկերությունը նաև նշել է, թե Ռուսաստանում իրենց դեմ ներկայացված քաղաքացիական հայցը բոլոր ատյաններում մերժվել է, իսկ փորձաքննությամբ արտադրանքի անվտանգության խախտումներ չեն արձանագրվել։ ՍԱՏՄ-ն էլ հայտնել էր՝ ստուգումներ են իրականացվել «Ջերմուկ»-ի մայր գործարանում, արդյունքները փոխանցվել են ռուսական կողմին։ Գերատեսչության փոխանցմամբ՝ արտադրական համակարգը բացառում է շշում այլ նյութի հայտնվելը։


