նորություններ 27 Ապրիլի, 2026 • Պարտադիր է, թե՞ ոչ ուսուցիչների բանկային հաշիվների տեղափոխումը

Վրաստանում վերջին շրջանում ակտիվ քննարկվում է դպրոցների ուսուցիչների աշխատավարձի բանկային հաշիվնեի Liberty Bank-ից դեպի Bank of Georgia տեղափոխման գործընթացը։ Որոշ ուսուցիչներ չեն ցանկանում փոխել բանկը, բայց ասում են, որ ստիպված են դա անել: Jnews-ը փորձեց պարզել գործընթացի բնույթը և պարտադիր լինելը բոլոր ուսուցիչների համար:

Jnews-ին հասել է տեղեկություն, որ կան ուսուցիչներ, որ փակում են իրենց աշխատավարձի հաշվեհամարները Liberty Bank-ում, որպեսզի տեղափոխվեն Bank of Georgia, չնայած ունեն մտավախություններ, որ կկորցնեն Liberty Bank-ում ունեցած իրենց առավելությունները կապված վարկերի տոկոսների, վարկային քարտերի և անվճար հաշվեհամարների, ինչպես նաև ավանդների տոկոսների հետ։

«Մեզանից շատերը ունեն վարկեր և այլ գործարքներ Liberty Bank-ի հետ, մենք գոհ ենք Liberty Bank-ի մատուցած ծառայություններից և մեզ բավարարում են այս բանկի պայմանները, բոլորովին կարիք չունենք տեղափոխվել այլ բանկ, սակայն մեզ ասում են, որ պետք է տեղափոխվենք, ինձ որ մնար չէի տեղափոխվի», — Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի Բարալեթ գյուղի դպրոցի ուսուցիչներից մեկը:

Այս գործընթացի մասին ոչ պաշտոնական խոսակցություն ունեցանք Liberty Bank-ի աշխատակիցների հետ, ովքեր փաստեցին այն մասի, որ ֆիքսվում են դեպքեր, երբ իրենց դիմում են հաշիվները Liberty Bank-ում փակելու համար, որպեսզի տեղափոխվեն այլ բանկ, վստահ լինելով, որ դա պարտադիր է։

Այս թեմայով Jnews-ը ունեցավ հեռախոսազրույցներ Կրթության և գիտության նախարարության, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչների, ինչպես նաև դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ։ Փորձեցինք կապ հաստատել նաև Liberty Bank-ի, ինչպես նաև Վրաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության գործակալության PR բաժնի հետ, սակայն նրանք դեռևս չեն պատասխանել մեզ։

Կրթության և գիտության նախարարության PR-ը մեզ հետ զրույցում նշեց, որ սա ազատ ընտրություն է և յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ բանկի ծառայություններից օգտվի և ստանա իր աշխատավարձը։ Չկա որևէ պաշտոնական հիմնավորում այն բանի, որ ուսուցիչների աշխատավարձերի տեղափոխումը պարտադիր պայման է։

Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը մեզ հետ զրույցում ևս փաստեց, որ այս գործընթացը պարտադրվող չէ, որ «Սաքառթվելոս բանկի» ներկայացուցիչները շնորհանդեսի ժամանակ դպրոցների տնօրեններին ներկայացրել են շահավետ առաջարկներ աշխատավարձային փաթեթների համար, և դրանից հետո արդեն տնօրենները ուսուցիչների հետ միասին ազատ են որոշել տեղափոխել, թե ոչ հաշիվները։

Շնորհանդեսից հետո տարբեր դպրոցներում տարբեր քննարկումներ են տեղի ունեցել:

Օրինակ, գյուղերից մեկի դպրոցում անձնակազմը միաձայն որոշում է կայացրել շարունակել օգտվել Liberty Bank-ի ծառայություններից։
«Պրեզենտացիայից հետո մենք կոլեկտիվով որոշեցինք մնալ Liberty Bank-ում, քանի որ սա մեր ընտրությունն է ու պարտադիր չէ, ես այդպես եմ հասկացել։ Մեզ բավարարոմ են այս բանկի պայմանները», — մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենը։

Քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչների մի մասը փոխում է բանկը, մյուս մասը՝ ոչ։
«Ինձ համար միևնույն է, թե ուսուցիչները որտեղից կստանան իրենց աշխատավարձը կամ, որ բանկի ծառայություններից կօգտվեն, ես իմ կոլեկտիվին տեղեկացրել եմ պրեզենտացիայի մասին, իսկ նրանք որոշել են մնալ Liberty Bank-ում, թե տեղափոխվել «Սաքարթվելոս բանկ»: Ունենք ուսուցիչներ, որ տեղափոխվել են, ուսուցիչներ էլ կան, որ մնացել են նույն բանկում», — ասաց դպրոցի տնօրենը։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տեղափոխման պարտադիր լինելը պարզաբանելու նպատակով դպրոցների որոշ ներկայացուցիչներ դիմել են հարցով վերադաս մարմիններին և դրանից հետո որոշել են տեղափոխվել։

Հեղինակ` Արեգնազ Լուլուկյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝