նորություններ 25 Ապրիլի, 2026 • Հուլիսի 15-ից կսկսվեն ուղիղ չվերթներ Շանհայ–Թբիլիսի ուղղությամբ

Հուլիսի 15-ից սկսվում են ուղիղ չվերթները Շանհայ–Թբիլիսի ուղղությամբ, համապատասխան որոշումը ընդունվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի և չինական China Eastern Airlines ավիաընկերության ղեկավարության հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Մարիամ Քվրիվիշվիլիի այցի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ China Eastern Airlines-ը կիրականացնի կանոնավոր չվերթներ Շանհայ–Թբիլիսի–Շանհայ երթուղով՝ շաբաթական 3 անգամ հաճախականությամբ։

«Մարիամ Քվրիվիշվիլին ընդգծել է Վրաստանի և Չինաստանի գլխավոր ֆինանսական կենտրոնի միջև ուղիղ ավիահաղորդակցության մեկնարկի առանձնահատուկ կարևորությունը և նշել, որ այս որոշումը կնպաստի երկու երկրների միջև բիզնես և տնտեսական կապերի հետագա զարգացմանը։

Ինչպես հայտարարել է նախարարը, Թբիլիսի–Շանհայ ուղղությամբ ուղիղ չվերթների մեկնարկը ևս մեկ վկայություն է այն մասին, թե որքան բարձր մակարդակի վրա են գտնվում երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ Մարիամ Քվրիվիշվիլիի գնահատմամբ՝ այս որոշումը կուժեղացնի միջանձնային կապերը, տնտեսական շփումները, Վրաստանի զբոսաշրջության ոլորտը և կնպաստի լրացուցիչ եկամուտների ձևավորմանը։

Հանդիպման ընթացքում շեշտադրվել է նաև Վրաստանի՝ որպես պաշտոնական գործընկեր երկրի կարգավիճակը Ասիայի ամենահեղինակավոր և խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկում՝ ITB China 2026-ում, որը կանցկացվի Շանհայում ընթացիկ տարվա մայիսի 26-ից 28-ը և էապես կնպաստի Վրաստանի զբոսաշրջային ներուժի հանրահռչակմանը», — ասված է տեղեկատվության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝