Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հստակեցված տվյալների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3,929,581 մարդ, ինչը 0.4%-ով ավելի է 2025 թվականի հունիսին հրապարակված նախնական տվյալների համեմատ (3,914,000 մարդ)։
Կանայք կազմում են Վրաստանի բնակչության 52%-ը (2,048,577 մարդ), իսկ տղամարդիկ՝ 48%-ը (1,881,004 մարդ)։ Կանանց համամասնությունը համեմատաբար ավելի բարձր է Թբիլիսիում և Քութայիսում (54%), իսկ ավելի ցածր՝ Քեդայի, Խելվաչաուրիի, Խարագաուլիի, Սագարեջոյի և Մառնեուլիի մունիցիպալիտետներում (49%)։
Մարդահամարի արդյունքների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ բնակչության 62%-ը (2,442,231 մարդ) բնակվում է քաղաքային բնակավայրերում, իսկ 38%-ը՝ (1,487,350 մարդ)՝ գյուղական բնակավայրերում։ Ըստ շրջանների, բացի Թբիլիսիից, քաղաքային բնակչության ամենաբարձր համամասնությունը գրանցվել է Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում (67%), ինչը պայմանավորված է Բաթումիի բնակչության մեծ թվով: Քաղաքային բնակիչների ամենացածր մասնաբաժինը գրանցվել է Մցխեթա-Մթիանեթիի, Կախեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի շրջաններում (24%):
2024 թվականի ճշգրտցված տվյալների համաձայն՝ ամենամեծ մասնաբաժնով բնակչության խմբերն են՝ 35–39 տարեկան (7.6%), 10–14 տարեկան (7.4%) և 30–34 տարեկան (7.2%): Նշվում է նաև, որ կանանց համամասնությունը հատկապես բարձր է 85 տարեկան և բարձր տարիքային խմբում. այս խմբում կանայք 2.6 անգամ գերազանցում են տղամարդկանց թվին։
2024 թվականի մարդահամարի համաձայն՝ Թբիլիսիում բնակվում է 1,331,485 մարդ, որը կազմում է երկրի բնակչության 34%-ը: Իմերեթի (510,741) և Քվեմո Քարթլի (441,630) շրջաններն ունեն երկրորդ և երրորդ ամենամեծ բնակչության թիվը՝ համապատասխանաբար կազմելով բնակչության 13%-ը և 11%-ը։
«Geostat»-ի տվյալներով՝ 2024 թվականի բնակչության և գյուղատնտեսական մարդահամարի վերջնական մանրամասն արդյունքները կհրապարակվեն այս տարվա հունիսի վերջին։
Վրաստանի 2024 թվականի բնակչության և գյուղատնտեսության մարդահամարն անցկացվել է 2024 թվականի նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 31-ը և ընդգրկել է երկրի ամբողջ տարածքը, բացառությամբ օկուպացված շրջանների։ Միջազգային մեթոդաբանության համաձայն՝ մարդահամարի ենթակա եղել են երկրում մշտապես բնակվող Վրաստանի բոլոր քաղաքացիները, ինչպես նաև երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։ Տվյալները հավաքագրվել են էլեկտրոնային եղանակով՝ գործածելով ժամանակակից տեխնոլոգիաներ: Գործընթացը տեղի է ունեցել երկու փուլով. առաջինում (2024 թվականի նոյեմբերի 14-23) օգտագործվել է ինքնագրանցում, իսկ երկրորդում (նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 31)՝ անձնական համակարգչային հարցազրույցներ: Հանրային բարձր հետաքրքրության պատճառով ինքնագրանցման ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբեր:



