«Վրացական երազանք»-ի կառավարությունում կադրային փոփոխություններ են կատարվել։
Այսօր՝ ապրիլի 21-ին, վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կադրային փոփոխությունները։ Ներկա են եղել նաև Մամուկա Մդինարաձեն, Գելա (Գեկա) Գելաձեն և Սուլխան Թամազաշվիլին։
Փոխվել է ներքին գործերի նախարարը. Գելա (Գեկա) Գելաձեին կփոխարինի Սուլխան Թամազաշվիլին, ով զբաղեցնում էր Աջարիայի ինքնավար հանրապետության նախագահի պաշտոնը։ Աջարիայի նախագահի պաշտոնի համար դեռևս թեկնածու չի առաջադրվել։
Ներքին գործերի այլևս նախկին նախարար Գելա Գելաձեն կզբաղեցնի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետի պաշտոնը։ Մամուկա Մդինարաձեն այլևս չի լինի ՊԱԾ պետ։
Մամուկա Մդինարաձեն նշանակվել է փոխվարչապետ։ Կառավարության կառուցվածքում նաև ավելանում է նոր հաստիք՝ իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարար։ Այս պաշտոնը նույնպես կզբաղեցնի Մդինարաձեն։
Օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով կստեղծվի նոր պաշտոնը, ըստ Կոբախիձեի, խորհրդարանին կներկայացվի մինչև վաղը.
«Ուզում եմ խնդրել Վրաստանի խորհրդարանին՝ օրինագիծն ընդունել հաջորդ նստաշրջանային շաբաթվա ընթացքում՝ արագացված կարգով… Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մամուկա Մդինարաձեին ՊԱԾ ղեկավարի պաշտոնում շատ հաջող գործունեության համար»։
Փոխվարչապետի պաշտոն կզբաղեցնի նաև Արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ Այսպիսով, կառավարությունում կլինի երեք փոխվարչապետ (Իրակլի Չիքովանի, Մամուկա Մդինարաձե և Մակա Բոճորիշվիլի)։
• Գելա Գելաձեն ՆԳ նախարար էր նշանակվել 2025 թ. մայիսի 28-ին՝ փոխարինելով Վախթանգ Գոմելաուրիին։
• Սուլխան Թամազաշվիլին 2025 թ. ապրիլի 5-ին նշանակվել էր Աջարիայի կառավարության ղեկավար՝ փոխարինելով Թորնիկե Ռիժվաձեին։
• Մամուկա Մդինարաձեն ՊԱԾ պետի պաշտոնում աշխատում էր 2025 թ. սեպտեմբերի 3-ից։ Նա փոխարինել էր Անրի Օխանաշվիլիին։



