Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության պարզաբանմամբ՝ հանրային սննդի օբյեկտների կողմից սպառողներին պլաստիկ շշերով ըմպելիքների մատուցման արգելքն ուժի մեջ է մնում և կգործի հուլիսի 1-ից:
«Պլաստիկի սպառման կրճատման նպատակով Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված կանոնակարգերի գործարկման ժամկետների վերաբերյալ նախարարությունը պարզաբանում է.
2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արգելված է՝ պլաստիկից պատրաստված պատառաքաղների, դանակների, գդալների, ձողիկների, ափսեների, ըմպելիքները խառնելու ձողիկների, փրփրապլաստից (EPS) պատրաստված սննդի կոնտեյներների/բաժակների և դրանց կափարիչների արտադրությունը (բացառությամբ արտահանման նպատակով), ներմուծումը կամ/և շուկայում տեղադրումը. ինչպես նաև արգելված է պետական գնումների շրջանակներում ձեռք բերել պլաստիկ բաժակներ, կոնտեյներներ և մինչև 3 լիտր ծավալով պլաստիկ շշերով ըմպելիքներ:
2026 թվականի հուլիսի 1-ից կարգելվի՝ հանրային սննդի օբյեկտների կողմից պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սննդի կոնտեյներներով և բաժակներով պատրաստի սննդի մատուցումը սպառողներին. ինչպես նաև կարգելվի հանրային սննդի օբյեկտների կողմից սպառողներին պլաստիկ շշերով ըմպելիքների մատուցումը:
2031 թվականի փետրվարի 1-ից կարգելվի՝ պլաստիկ շշերով ըմպելիքների արտադրությունը (բացառությամբ արտահանման նպատակով), ներմուծումը և շուկայում տեղադրումը: Արգելքը չի տարածվի 3 լիտր և ավելի ծավալով խմելու ջրի և 20 լիտր ու ավելի ծավալով այլ ըմպելիքների վրա»,- նշված է նախարարության տարածած տեղեկատվության մեջ:



