նորություններ 14 Ապրիլի, 2026 • Այսօր Վրաստանում նշվում է մայրենի  լեզվի օրը

Այսօր Վրաստանը նշում է Մայրենի լեզվի օրը: Տոնը սահմանվել է 1978 թվականի ապրիլի 14-ի իրադարձությունների հիշատակին: Այդ օրը Թբիլիսիում տեղի են ունեցել վրաց լեզվի պաշտպանությանը նվիրված զանգվածային բողոքի ցույցեր:

1978 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով Վրաստանում վրացերենի փոխարեն ռուսերենին տրվեց պետական լեզվի կարգավիճակ։ 1978 թվականի ապրիլի 14-ին ավելի քան 100 հազար մարդ դուրս եկավ բողոքի ցույցի Ռուսթավելիի պողոտա, որի արդյունքում պաշտպանվեց վրացերենի՝ որպես պետական լեզվի կարգավիճակը։

Այն ժամանակ բողոքի ցույցերի խորհրդանիշն էր «Դեդա Էնա» (დედა ენა — «Մայրենի խոսք») դասագիրքը՝ վրացերեն հիմնական ընթերցանության գիրք երեխաների համար, որը գրվել և հրատարակվել է Իակոբ Գոգեբաշվիլիի կողմից 1865 թվականին: Ժամանակակից վրացական կրթական համակարգում «Դեդա Էնա»-ն դեռևս հիմք է հանդիսանում հիմնական այբուբենի և ընթերցանության դասագրքի համար:

2013 թվականին «Դեդա Էնա»-ն ներառվել է Վրաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Ժամանակակից վրացերենն ունի 17 բարբառ, այդ թվում՝ քարթլիերեն և կախեթերեն, որոնք կազմում են գրական լեզվի հիմքը, ինչպես նաև իմերեթերեն, ռաճիներեն, լեչխումերեն, գուրերեն, ջավախեթերեն, մեսխեթերեն և աջարերեն: Լեռնային բարբառների հատկապես աչքի ընկնող խումբ է հանդիպում արևելյան Վրաստանում՝ խևսուրերեն, մոխևերեն, մտիուլո-գուդամակարերեն, թուշեթերեն և փշավերեն, ինչպես նաև երկրից դուրս խոսվող երեք բարբառ՝ ինգիլոյերեն (Ադրբեջան), ֆերեյդաներեն (Իրան) և իմերխևերեն (Թուրքիա):

Հնագույն ժամանակներից վրացերենը եղել է Անդրկովկասի բնիկ բնակչության լեզուն՝ արևելքում՝ Իբերիա, իսկ արևմուտքում՝ Կոլխիդա (Կոլխեթերեն)։

Վրացերենը պահպանել է շարունակական գրավոր և գրական ավանդույթ, որն առաջացել է քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո (մ.թ. 4-րդ դար):

Վրացերենում կա 5 ձայնավոր և 28 բաղաձայն հնչյուն։

Վրաց լեզուն ունի երեք գրելաձև՝

Հին վրացական մրգլովանի (ասոմթավրուլի) գիրը, որն օգտագործվել է հնում,

Նուսխուրի (եկեղեցական) գիրը՝ 9-րդ դարից,

Մխեդրուլի (քաղաքացիական) գիրը՝ 11-րդ դարից։

Ժամանակակից վրացական այբուբենը բաղկացած է 33 տառից և ստեղծվել է ոչ ուշ, քան 5-րդ դարում։

2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն վրացական գրի բոլոր երեք տեսակները ներառել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝