նորություններ 28 Մարտի, 2026 • Նվիրե՞լ նվերներ աղջիկներին…

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին։ Սակայն միջոցառումը դասական կամ սովորական չէր՝ միջին դասարանների աշակերտները քննարկում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ որն է ամենակարևոր կանանց տոնը, ինչո՞ւ չենք նշում տղամարդկանց տոներ, ինչ կցանկանային աղջիկները ստանալ, ինչ ոգևորությամբ են տղաները նվերներ տալիս և այլն։

eritasardakan_6

Երիտասարդական կենտրոնի պատասխանատու Կարինե Թադևոսյանի խոսքով, այս թեմայի շուրջ բանավեճի ձևաչափն առաջարկել են հենց Կենտրոնի սաները։ Որոշվել է Վրաստանում Մայրության օրվան (մարտի 3), Կանանց միջազգային օրվան (մարտի 8) և Հայաստանում Մայրության և գեղեցկության օրվան (ապրիլի 7) նվիրված միջոցառումները միավորել մեկ հետաքրքիր և բուռն բանավեճի մեջ։ Քննարկումն ավելի հետաքրքիր դարձնելու համար մասնակցել են ոչ միայն Երիտասարդական կենտրոնի սաները, այլև Ախալքալաքի թիվ 1 և 4 դպրոցների, ինչպես նաև Գոման գյուղի աշակերտները միջին դասարանների աշակերտները։

eritasardakan_5

Քննարկումը հաջողված էր, չնայած որոշ մասնակիցներ չէին համարձակվում իրենց կարծիքը լիարժեք արտահայտել և սահմանափակվում էին կարճ պատասխաններով: Քննարկման արդյունքում պարզվեց, որ Երիտասարդական կենտրոնի տղա սաները խտրականություն են համարում այն փաստը, որ Ախալքալաքում նշվում է աղջիկներին/կանանց նվիրված երեք օր, մինչդեռ տղաների համար տոներ չկան, միայն փետրվարի 23-ն է, այն էլ չի վերաբերում բոլոր տղաներին: Քննարկման արդյունքում Երիտասարդական կենտրոնը որոշեց քննարկել տղամարդկանց/տղաներին նվիրված օր կամ նույնիսկ ամիս նշելու հնարավորությունը:

eritasardakan_4

Նաև անկեղծ քննարկում ծավալվեց ուսուցիչների և դասընկերուհիների համար նախատեսված նվերների վերաբերյալ, որի արդյունքում պարզվեց, որ ոչ բոլոր տղաներն են նվերները տալիս մեծ ոգևորությամբ։

eritasardakan_7

Աղջիկները խոսում էին այն նվերների մասին, որոնք իրենք սիրում են ստանալ, և նրանց ցանկությունները մեծապես տարբերվում էին։ Ոմանց համար սովորական բարեմաղթանքները բավարար են, մինչդեռ մյուսների համար թանկարժեք նվերներ են անհրաժեշտ՝ իրենց երջանկացնելու համար։

eritasardakan_3

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև գրքի, որպես նվեր, խորը նշանակությանը: Չէ որ այն կմնա ողջ կյանքի ընթացքում և կգեղեցկացնի մարդուն՝ դարձնելով նրան ավելի կարդացած և խելացի, ինչպես նաև զարգացնելով նրա խոսքն ու միտքը։

eritasardakan_2

Հետաքրքիր էր նաև գեղեցկության մասին քննարկումը։ Բոլորն ունեն գեղեցկության իրենց ընկալումն ու սահմանումը, բայց շատերը միակարծիք էին, որ ներքին գեղեցկությունն ավելի կարևոր է, քան արտաքին գեղեցկությունը, չնայած նշվեց նաև, որ առաջին հայացքից արտաքին գեղեցկությունն ավելի է աչքի ընկնում։

eritasardakan_1

Երիտասարդական կենտրոնի թե՛ մասնակիցները, թե՛ ուսուցիչները համաձայնեցին, որ բանավեճի ձևաչափը շատ հետաքրքիր և արդյունավետ էր։ Նրանք պայմանավորվեցին շարունակել կազմակերպել և վարել նմանատիպ քննարկումներ տարբեր թեմաներով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝