նորություններ 27 Մարտի, 2026 • Փաստաբանը վիճարկում է Ախալքալաքում բազմահազարանոց ջրի հաշիվները և պատրաստվում է դատարան դիմել

Փաստաբան Վասիլի Բալախաձեն, ով ներկայացնում է Ախալքալաքի և Նինոծմինդայի այն բիզնես բաժանորդների շահերը, որոնց Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերությունը ներկայացրել է բազմահազարանոց լարիի հաշիվներ, բողոք է ներկայացրել Ազգային կարգավորման հանձնաժողով և սպասում է պատասխանի, որպեսզի դիմի դատարան: Jnews-ի հետ զրույցում Վասիլ Բալախաձեն բացատրեց իր հաճախորդների ճշտության իրավական կողմերը:

Փաստաբան Վասիլ Բալախաձեն, Ախալքալաքի և Նինոծմինդայի մոտ 40 բիզնես օպերատորների բողոքը անհիմն բարձր վճարների և դժգոհության առնչությամբ, ձևակերպել և ուղարկել է Ազգային կարգավորման հանձնաժողով։ Նա կարծում է, որ բաժանորդներն այս գործում մեղք չունեն։ Նա պնդում է, որ ընկերությունը նախապես պետք է զգուշացներ նրանց, որպես իրավաբանական անձ վերագրանցվելու, և, հաշվիչներ տեղադրելու անհրաժեշտության մասին։

«Բաժանորդները սխալ չեն, ընկերությունը չի կապվել նրանց հետ հաշվիչներ տեղադրելու հարցով։ Երբ իրենց դա ասել են, նրանք միանգամից գնացել տեղադրման հայց են ներկայացրել։ Այս մարդիկ 10-20 տարի առաջ պաշտոնապես ջրագիծ և կոյուղի են անցկացրել, համարվում են բաժանորդ։ Եթե շենքը նախկինում բնակելի շենք է եղել, իսկ այժմ այնտեղ գործում է ընկերություն, ապա պարզապես անհրաժեշտ է փոխել կարգավիճակը և տեղադրել հաշվիչներ։ Նրանք պարտավոր չեն նոր գիծ անցկացնել։ Այդ ամենը պետք է աներ ընկերությունը։ Նրանք պետք է հարցում ուղարկեին, հետո նախազգուշացում։ Բաժանորդների կողմից օրենքի խախտում չկա», — ասում է Վասիլ Բալախաձեն։

Իրավաբանի խոսքով, որոշ բաժանորդներ հաշիվները ստացել են ջրաչափերի տեղադրումից հետո, և դրանք զգալիորեն ուռճացված են։ Ընդ որում, հաշվիչն ամսական ֆիքսել է 5-6 լարիի սպառում, սակայն ներկայացվել է 5000 և նույնիսկ 30 000 լարիի հաշիվ։

Նրա կարծիքով, հաշվարկները պետք է այլ կերպ կատարվեին, միջին ամսական սպառման քանակը պետք է բազմապատկվեր վեց ամսվա վրա։

Վասիլ Բալախաձեն կարծում է, որ ոչ մի անօրինական միացում չի եղել։

«Ոչ ոք չէր կարող անօրինական կերպով միանալ կենտրոնական ջրագծին։ Պարզապես չի փոխվել կարգավիճակը։ Երկու-երեք տարի առաջ, օրինակ, Աղմաշենեբելի և Ազատության փողոցներում երբ կենտրոնական ջրամատակարարման և կոյուղու համակարգերը փոխարինվեցին, մարդկանց համակարգին միացրել են միասնական ջրամատակարարման ընկերության աշխատակիցները։ Այդ փողոցներում հաստատ այդպես է եղել։ Ինչպես կարող են ասել, որ նրանք բաժանորդ չեն։ Այդ ժամանակ նրանք ոչ մեկին բողոք չեն ներկայացրել։ Նրանք զուր են մեղադրում բաժանորդներին», — ասում է փաստաբանը։

Մինչ օրս Ազգային կարգավորման հանձնաժողովը պատասխանել է միայն մեկ բողոքի: Բոլոր պատասխանները ստանալուց հետո նա պատրաստվում է, իր հաճախորդների անունից, դատական հայց ներկայացնել։

Ավելին, Վասիլ Բալախաձեն համոզված է, որ ընկերությունը մոլորության մեջ է գցել բաժանորդներին։

«Նրանք բաժանորդներին ասել են, որ չեն տուգանի նրանց և խորհուրդ են տվել չբողոքարկել, չնայած բողոքարկումները պետք է ներկայացվեին 10 օրվա ընթացքում: Բաժանորդները բաց են թողել այս ժամկետը, և անմիջապես դրանից հետո նրանց ուղարկվել են իրենց սպառման հաշիվները: Ավելին, նրանց խաբեությամբ ստիպել են ստորագրել հայտարարություն, որում գրված է, որ իրենք իրենց համարում են օրինախախտներ», — ասում է փաստաբանը։

Կան դեպքեր, երբ մարդիկ շենքերը վարձակալել են ընդամենը երեք ամիս առաջ, սակայն ընկերությունը նրանց մեղադրում է 20 տարվա վաղեմության գործերի մեջ։

Փաստաբանը նաև կարծում է, որ Ազգային կարգավորող հանձնաժողովը տեղյակ է եղել բարձր վճարների մասին։

«Ես բողոքների հետ մեկտեղ Ազգային կարգավորող հանձնաժողով նաև հաշիվների կտրոններն եմ ուղարկել։ Նրանք ստում են, եթե ասում են, որ տեղյակ չեն եղել։ Հաշվիչների ապամոնտաժման հետ կապված միայն մեկ դեպք է եղել, երբ հաշվիչը փչացել է։ Բաժանորդը դիմել է նոր հաշվիչի համար, բայց ընկերությունից այդպես էլ չեն եկել և չեն տեղադրել այն», — բացատրում է փաստաբանը։

Հետևաբար, իրավիճակի վերջնական իրավական գնահատականը կախված կլինի Ազգային կարգավորող հանձնաժողովի որոշումից։ Եթե բաժանորդների բողոքները չբավարարվեն, գործը կշարունակվի դատարանում։

Հիշեցնենք, որ 2025 թվականի վերջից «Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերությունը» Ախալքալաքում սկսեց ստուգումներ անցկացնել միացումների օրինականության առնչությամբ: Այս ստուգումների արդյունքում ընկերությունը պնդում է, որ հայտնաբերել է բիզնեսի կողմից անօրինական միացումներ: Բիզնեսին ուղարկվել են նախազգուշացումներ, որոնց հաջորդել են ջրի սպառման համար մի քանի կամ տասնյակ հազարավոր լարիի հաշիվներով կտրոններ: Բիզնեսը բողոքել է տարբեր մարմինների, պնդելով, որ հաշվարկներն անտրամաբանական և սխալ են: Ընկերության մարզային ներկայացուցիչներն այցելեցին և հանդիպեղին բիզնեսի ներկայացուցիչների հետ, լսեցին նրանց բողոքները և խոստացան պարզել իրավիճակը և վերջիններիս պատասխանել:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝