նորություններ 26 Մարտի, 2026 • 13 մահացած, 210 տուժած. Վթարների վիճակագրությունը Սամցխե-Ջավախքում

Վրաստանում վթարների և դրանց հետևանքով մահացությունների թիվը կրկին աճում է: Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին Վրաստանում տեղի է ունեցել 5969 ճանապարհատրանսպորտային պատահար՝ 2024 թվականի 5866 ՃՏՊ-ի համեմատ: Սամցխե-Ջավախքում վթարների թիվը կազմել է 134:

Ճանապարհատրանսպորտային պատահարների աճի ֆոնին աճել է ինչպես տուժողների, այնպես էլ մահացությունների թիվը: Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին վթարների հետևանքով մահացել է 469 մարդ, իսկ տուժել՝ 8191-ը՝ 2024 թվականի 444 մահվան ելքերի և 7587 վնասվածք ստացածների համեմատ: Սամցխե-Ջավախքում 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել է 13 մարդ, իսկ տուժել՝ 210-ը:

2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի է ունեցել շրջադարձի ժամանակ, ըստ Ներքին գործերի նախարարության այդպիսի դեպքերի քանակը կազմել է՝ 1596։

Վթարների հետևանքով զոհված ճանապարհային երթևեկության մասնակիցների ամենամեծ թիվը 26-40 տարեկան տղամարդիկ են՝ 81 մարդ։ Հետիոտների շրջանում մահացությունների ամենամեծ թիվը 61 տարեկանից բարձր տղամարդիկ են՝ 50 հոգի։

Ներքին գործերի նախարարության կայքում հրապարակված 2025 թվականի վիճակագրության համաձայն՝ պատահարների պատճառները հետևյալն են.

• Շրջադարձային մանևր՝ 1 569 դեպք,

• Հանդիպակաց երթևեկության մեջ մտնելը կամ վազանցի կանոնները խախտել՝ 1 319 դեպք,

• Հետիոտնային անցման սխալ օգտագործում՝ 989 դեպք,

• Անվտանգ հեռավորություն չպահպանել՝ 886 դեպք,

• Արագության սահմանափակումը գերազանցել՝ 694 դեպք,

• Ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարել՝ 424 դեպք,

• Խոչընդոտի հետ բախում՝ 382 դեպք,

• Ճանապարհային նշանին կամ գծանշմանը չենթարկվել՝ 329 դեպք,

• Խաչմերուկում երթևեկության կանոնների խախտում՝ 279 դեպք,

• Կրկնակի կենտրոնական հոծ գիծը հատել՝ 170 դեպք:

Հատկանշական է, որ 2025 թվականին ամենաշատ մարդիկ մահացել են՝

հանդիպակաց երթևեկության մեջ մտնելիս կամ վազանցի կանոնները խախտելիս՝ 122 մարդ, շրջադարձի մանևրելիս՝ 117 մարդ, արագության սահմանափակումը գերազանցելիս՝ 114 մարդ և ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելիս՝ 62 մարդ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝