Ախալքալաքի և Նինոծմինդայի տասնյակ գործարարներ անտրամաբանական են համարում ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերություն»- ից ջրի սպառման համար ստացված հաշիվները։ Վճարները տատանվում են մի քանի հազարից մինչև տասնյակ հազարավոր լարի։ Երեկ առավոտյան ձեռնարկատերերը դիմել էին Jnews-ին, արտահայտելով իրենց վրդովմունքը։
Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների տասնյակ ձեռնարկատերեր հայտարարում են ջրամատակարարման անհիմն վճարների մասին։ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» վճարները հասնում են տասնյակ հազարավոր լարիների և լուրջ հարցեր են առաջացնում բիզնեսի համար։
Տարվա սկզբին ՍՊԸ «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերություն» -ը սկսեց Ախալքալաքի և Նինոծմինդայի բիզնես-բաժանորդների ջրային միացումների ստուգումներ անցկացնել, համոզվելու համար, որ դրանք օրինականորեն են միացված։ Այս գործընթացը դժգոհության և շփոթության ալիք առաջացրեց, քանի որ բաժանորդներին չէին բացատրել, թե ինչու են նրանք համարվում ջրի անօրինական օգտատերեր, երբ ջուրը վաղուց օգտագործում են, իսկ շատերը ստացել են վճարման հաշիվ և կանոնավոր կերպով վճարել դրանք։
Շատ ձեռնարկատերեր նշում են, որ իրենք վճարել են ոչ թե իրավաբանական անձանց, այլ ֆիզիկական անձանց ջրի սակագնով, սակայն նրանք ստացել են վճարման հաշիվ և համարվել են բաժանորդ։
Ստուգումից հետո բաժանորդներին տրվել են «զգուշացնող» փաստաթղթեր, որոնցում նշվել է, որ նրանք որոշակի ժամկետում հնարավորություն ունեն իրենց միացումը գրանցելու, հաշվիչներ տեղադրելու և վճարել 1200 լարի։ Հիմնականում բոլորի մոտ նշված է այս գումար, որը համապատասխանում է ստանդարտ 25-32 մմ տրամագծով խողովակի արժեքին։
Որոշ ձեռնարկատերեր դիմում են ներկայացրել ջրաչափեր տեղադրելու համար։ Նրանք չեն առարկում դրանց տեղադրման համար, սակայն հետո ստացել են զգալիորեն ուռճացված ջրի վարձի հաշիվներ։
Օրինակ, մեկ բաժանորդից փետրվար ամսվա համար գանձվել է 83 728.8 լարի։ Նա պնդել է, որ իր սեփականությունում ունի միայն մեկ լվացարան և մեկ զուգարան։ Այլ ձեռնարկատերեր նույնպես ստացել են նմանատիպ հաշիվներ. գումարները տարբեր են, բայց չափազանց բարձր են։
Բիզնես-բաժանորդներն այս վճարները համարում են անհիմն և հետաքրքրվում են, թե ուր են գնացել նախորդ տարիների իրենց վճարումները, եթե իրենք չեն համարվում բաժանորդ, չնայած որ վճարումները կանոնավոր կատարել են։
«Եթե ես բաժանորդ չեմ, ապա ուր են գնացել իմ այդքան տարիների վճարումները։ Ես ամեն ամիս անդորրագիր էի ստանում և վճարում։ Պարզվեց, որ չեկի վրա սխալ հասցե է նշված եղել. ես վճարում էի Չարենցի փողոց 48 հասցեի համար, մինչդեռ իմ բիզնեսը գտնվում է Թամար թագուհու փողոց 46 հասցեում։ Ես սխալը չեմ նկատել, քանի որ հեռախոսիս վրա էի ստանում SMS հաղորդագրությունների տեսքով։ Հիմա սպասում եմ Ազգային կարգավորող հանձնաժողովի պատասխանին, որպեսզի կարողանամ դատարան դիմել», — ասում է Արմեն Նահատակյանը։
Արմեն Նահատակյանը հյուրանոցային բիզնեսի սեփականատեր է, բայց այն հունվարից վարձակալության է տվել։
Մեկ այլ ձեռնարկատեր՝ Միքայել Ղրմաջյանը, նույնպես դիմել է Վրաստանի Ազգային կարգավորող հանձնաժողովին, խնդրելով պարզաբանել, թե ինչ հիմքերով է իրեն ամսական մոտ 35 000 լարի գրվել՝ հաշվի առնելով, որ իր օբյեկտն ունի միայն մեկ լվացարան և մեկ զուգարան։
Նրա խոսքով, հանձնաժողովը պատասխանել է, որ չեն կարող բացատրել, թե ինչի հիման վրա է Միացյալ ջրամատակարարման ընկերությունը նման հաշվարկներ կատարել։
«Մեեկի» ընկերությունը ստացել է հաշիվներ երեք օբյեկտների համար՝ մեկը Նինոծմինդայում և երկուսն՝ Ախալքալաքում՝ 20 000 ական լարի յուրաքանչյուրին։
«Մենք դիմում ենք ներկայացրել բաժանորդ դառնալու և հաշվիչներ տեղադրելու համար։ Դրանից հետո ստանում ենք հաշիվները։ Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպես են դրանք հաշվարկվել, քանի որ կարծում ենք, որ ջրի վարձավճարներն ուռճացված են», — ասում է «Մեեկի» ընկերության ներկայացուցիչ Կիմ Քոսյանը։
Տասնյակ բաժանորդներ են դիմել Jnews-ին, բողոքելով ուռճացված հաշիվներից։ Ոմանք նշում են, որ հաշիվները սկսել են ստանալ հաշվիչներ տեղադրելու դիմումները ներկայացնելուց հետո։
Նմանատիպ իրավիճակ է նկատվում նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Մի ձեռնարկատեր հայտնեց, որ ստացել է 5060 լարիի ջրի անդորրագիր, չնայած նա ունի փոքր հագուստի խանութ։

«Որքան ջուր կարող է օգտագործել հագուստի խանութը։ Ես ունեմ մեկ լվացարան և մեկ զուգարան։ Մենք՝ Նինոծմինդայի 15 ձեռնարկատերերս, դիմել ենք Ազգային կարգավորման հանձնաժողով և սպասում ենք պատասխանի», — ասաց նա։
Jnews-ին դիմելուց հետո ձեռնարկատերերը հանդիպեցին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ։
«Մենք ընդունել ենք ձեր դիմումները և աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ես դեռ չեմ կարող կոնկրետ պատասխան տալ։ Տեղական ինքնակառավարումն ուսումնասիրում է իրավիճակը», — հայտարարեց նա։
Այնուհետև տասնյակ գործարարներ գնացին Միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի գրասենյակ, սակայն աշխատակիցները չկարողացան հստակ բացատրություններ տալ։ Նոր միացումների մենեջեր Գոդո Լոմսաձեն չպատասխանեց քաղաքացիների հարցերին։
Միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի գրասենյակի մենեջեր Գիորգի Վախթանգիշվիլին նշեց, որ հաշվարկները կատարվել են բանաձևի հիման վրա, նվազագույն ժամանակաշրջանից՝ մեկ ամսից, մինչև առավելագույնը՝ ութ ամիս, օրական ութ ժամ սպառման հիման վրա։
Սակայն, ըստ գործարարների, այս բացատրությունն անտրամաբանական է, քանի որ հանդիպելով իրար հետ նրանք պարզել են, որ որոշները ստացել են բացարձակ նույնական հաշվարկներով կտրոններ: Օրինակ՝ երկու բոլորովին տարբեր չափերի և ջրի սպառման տարբեր ծավալներով հյուրանոցներ ստացել են նույնական կտրոններ: Նրանք հաշվարկել են նույն ջրի սպառումը և ստացել են նույնական հաշիվ՝ 83 728.08 լարի: ԻՆչպես նաև, երկու խաղային բիզնեսներ՝ մեկը երկու սանհանգույցով, մյուսը՝ մեկ, նույնպես ստացել են նույնական կտրոններ՝ 32 821.41 լարիի չափով:
Հանդիպման ժամանակ պահանջվեց, որ ընկերության մարզային տնօրենը այսօր լինի Ախալքալաքում և պատասխանի բիզնես-բաժանորդների բոլոր հարցերին:






