Մարտի 20-ին ՆԳՆ Ծառայությունների գործակալության Ախալքալաքի մասնաճյուղը սկսել է վարորդական իրավունքի գործնական քննությունների անցկացումը։
ՆԳՆ Ծառայությունների գործակալության Ախալքալաքի մասնաճյուղը վերսկսել է իր գործունեությունն այս տարվա փետրվարի 13-ին։ Սակայն, չնայած գործնական քննության անցկացման տեղանքի պատրաստ լինելուն, դեռևս պարզ չէր, թե երբ քննություն հանձնելը հասանելի կլիներ տեղում։
Մարտի 20-ին քննական հրապարակում մարդկանց մեծ բազմություն էր։ Անցկացվել էր առաջին փուլը՝ երթևեկության կանոնների իմացության թեստավորումը, իսկ երկրորդ փուլը այսուհետ ևս կանցկացվի Ախալքալաքում։ Սակայն, ինչպես նախկինում, երրորդ փուլը՝ քաղաքում երթևեկությունը, Ախալքալաքում չի անցկացվում։
Փետրվարի 13-ի դրությամբ թարմացվել էին ցանկապատը, ասֆալտը, գծանշումները, զուգարանները և սպասողների համար նախատեսված դիտահարթակը։ Քննահրապարակում արդեն նկատելի են նախկինում բացակա սենսորները։ Դրանք գրանցում են քննության ընթացքում թույլ տրված սխալները։ Հրապարակում են նաև երկրորդ փուլի՝ գործնական քննության հանձնման համար նախատեսված մեքենաները։
Գործակալության Ախալքալաքի գրասենյակը փակվել էր 2025 թվականի մայիսի 30-ին վերանորոգման համար: Ըստ այդմ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների բնակիչները կարող էին գործակալության բոլոր ծառայությունները ստանալ միայն Ախալցիխեում կամ այլ գրասենյակներում: Ախալքալաքում գրասենյակը վերաբացումից հետո շարունակում է գործել այնպես, ինչպես գործում էր վերանորոգումից առաջ, ինչը նշանակում է, որ բնակիչներին գործակալության շարժական խումբը կսպասարկի միայն ուրբաթ օրերին։
Ախալքալաքում վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Պերսպեկտիվա» ընկերությունը, ընդհանուր առմամբ 1.311.844 լարի արժողությամբ: Այս գումարից 796.425.79 լարին հատկացվել է Ախալքալաքի աշխատանքների համար, իսկ 515.418.21 լարին՝ Ախալցիխեի աշխատանքների համար: Պայմանագրով նախատեսված էր աշխատանքների ավարտման համար 135 օր, Ախալքալաքում՝ 60 օր, իսկ Ախալցիխեում՝ 75 օր: Պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի մայիսի 5-ին:
Ախալքալաքում սպասարկման գործակալության հիմնանորոգումը ներառում էր շենքի ներքին և ճակատային մասի թարմացում և այլ աշխատանքներ: «Պերսպեկտիվա» ընկերության մենեջեր Բեքա Ծիկլաուրին Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ վերանորոգումներն ավարտվել են դեռ Նոր տարուց առաջ:






