Երեխայի ծննդից հետո կնոջ մոտ կարող է առաջանալ հուզական և հոգեբանական հյուծվածության վիճակ, որը կոչվում է հետծննդաբերական ընկճախտ (դեպրեսիա): Դա «թուլության» կամ «վատ մայր լինելու» նշան չէ, այլ առողջական վիճակ, որը կապված է հորմոնալ փոփոխությունների, սթրեսի, հոգնածության և կյանքի կտրուկ փոփոխությունների հետ:
«Կանանց ամսվա» ընթացքում, որը Ախալքալաքի բնակիչների համար սկսվում է մարտի 3-ին (Վրաստանում Մայրերի օր), շարունակվում մարտի 8-ով (Կանանց միջազգային օր) և ավարտվում ապրիլի 7-ին (Գեղեցկության և մայրության օրը Հայաստանում), Jnews-ը իր ընթերցողների համար հրապարակում է հոդվածների շարք՝ նվիրված կանանց և կանացի խնդիրներին:
«Հետծննդաբերական դեպրեսիան չի սկսվում ծննդաբերությունից անմիջապես հետո…», — այս խոսքերով հոգեբան Աննա Մինասյանը սկսում է բացատրել, որ կարևոր է տարբերակել ծննդաբերությունից հետո բնական սթրեսը ավելի լուրջ վիճակից, որը պահանջում է ուշադրություն։ Կնոջ վիճակը մեծապես կախված է նրանից, թե ինչպես է անցել ծննդաբերությունը, արդյոք այն համապատասխանել է իր սպասումներին և արդյոք նա պատրաստ է եղել այդ գործընթացին։
«Այսօր շատ կլինիկաներ առաջարկում են նախածննդաբերական շրջանում նախապատարաստական կուրսեր: Ապագա մայրերը պատրաստվում են ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն այս գործընթացներին: Երբ սթրեսը մեղմանում է, հետծննդաբերական դեպրեսիան պարտադիր չէ, որ բոլորի մոտ ի հայտ է գալու: Հետծննդաբերական սթրեսը բնական է: Դրան ավելանում են հոգնածությունը և երեխայի համար վախը: Վաղ նշաններից են երեխային կորցնելու վախը։ Օրինակ կինը գիշերը հանկարծակի արթնանում է ստուգելու համար, թե արդյոք երեխան կենդանի է: Երբեմն շնչառությունն են ստուգում կամ արձագանքում երեխայի լացին, սակայն երեխան հանգիստ վիճակում է: Այս հոգնածությունը, անքնությունը և կնոջ նյարդային համակարգը կարող են հանգեցնել դեպրեսիայի»,-ասում է նա:
Ինչպե՞ս հասկանալ, որ դա ոչ միայն հոգնածություն և ծննդաբերական բնական սթրես է, այլ դեպրեսիա: Մասնագետները նշում են, որ կարևոր է ուշադրություն դարձնել ախտանիշների տևողությանը և ինտենսիվությանը: Եթե տրամադրության անկումը, անհանգստությունը, անքնությունը, մեղքի զգացումը կամ երեխայի նկատմամբ վախը շարունակվում են մի քանի շաբաթ, ուժեղանում և խանգարում են առօրյա կյանքին, սա կարող է լինել հետծննդաբերական դեպրեսիայի նշան:
Նաև նախազգուշացնող նշաններից են մշտական հանգիստ չտվող մտքերը, անհույսության զգացումը, երեխայից հուզականորեն հեռացումը և կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստը: Նման դեպքերում կարևոր է չանտեսել սեփական վիճակը և դիմել մասնագետի օգնությանը:
«Կինը տրամադրություն չունի, նա տխուր է և ոչնչից հաճույք չի ստանում, նույնիսկ երեխայից։ Պատահում է, որ ժամանակ առ ժամանակ զգացողություն է առաջանում, որ նա չի սիրում իր երեխային, որ նրան պետք չէ երեխան։ Սա հուզական անհավասարակշռություն է։ Կինը չի կարողանում վերահսկել իր զգացմունքները, և այս ամենից հետո նա մեղավորություն է զգում։ Նա շատ հոգնած է, բայց չի կարողանում քնել խանգարված քնի պատճառով։ Նրա ախորժակը փոխվում է. ոմանք սկսում են շատ ուտել, իսկ մյուսները կորցնում են ախորժակը։ Սրանք նշաններ են, որոնք մատնանշում են կնոջ մոտ դեպրեսիայի ախտանիշների մեկնարկի մասին։ Այս ամենը դրսևորվում է ծննդաբերությունից մոտավորապես 3-4 շաբաթ անց, երբ օրգանիզմն արդեն վերականգնվում է, և կեսարյան հատման սպիները լավանում են, բայց կինը դեռ դուրս չի գալիս այս վիճակից»,-բացատրում է Աննան։
Կարևոր է հասկանալ, որ նման հետևանքներն առաջանում են ոչ թե այն պատճառով, որ կինը «չի կարողացել հաղթահարել», այլ այն պատճառով, որ վիճակը պահանջում է մասնագիտական աջակցություն։
«Շատ կանանց մոտ հետծննդաբերական դեպրեսիան կարող է ինքն իրեն անցնել։ Այս փուլում նա կարող է նույնիսկ չգիտակցել դեպրեսիայի առկայությունը. նա պարզապես տրամադրության անկում է ապրում, անընդհատ քնկոտ է, ախորժակ չունի կամ, ընդհակառակը, ավելի է շատանում քաղցի զգացումը։ Սա կարող է փոխվել ժամանակի ընթացքում, եթե կինը շփվում է, շեղում է իրեն, փոխում է իր զբաղմունքը և փորձում գնահատել իրավիճակը և իմաստ հաղորդել դրան։ Սակայն կան դեպքեր, երբ խնդիրը չի կարող հաղթահարվել առանց թերապիայի։ Սա չի նշանակում, որ կինը «չի կարող հաղթահարել», կամ որ նրա ընտանիքն է մեղավոր. ամեն ինչ կախված է անհատի նյարդային համակարգից։ Ուժեղ նյարդային համակարգ ունեցող մարդիկ ավելի հեշտությամբ են հաղթահարում դժվարությունները, մինչդեռ մյուսները՝ տրվում են դրանց։ Անհնար է նախապես ասել, թե ինչը կօգնի խուսափել կամ դուրս գալ դեպրեսիայից», — ասում է հոգեբանը։
Հետծննդաբերական դեպրեսիան պահանջում է աջակցություն, այլ ոչ թե դատապարտում։ Կարևոր է, որ կինը մենակ չմնա իր վիճակի հետ։
«Ծննդաբերության ընթացքում և դրանից հետո կինն աջակցության կարիք ունի։ Ամուսնու և նրան շրջապատող մարդկանց աջակցությունը հույժ կարևոր է։ Հարկավոր է պայմաններ ստեղծվեն քունը վերականգնելու, կնոջը հանգստանալու ժամանակ տրամադրելու տնային ու ընտանեկան պարտականությունները նվազեցնելու համար։ Տնային գործերը կարող են կատարել հարազատները։ Սակայն մեր հասարակությունը հաճախ ենթադրում է, որ «երեխային գրկել է պետք, մինչ կինն իր տնային գործերը կանի»։ Դե իսկ այս վիճակում գտնվող կինը վախենում է երեխային վստահել սկեսուրին, քրոջը կամ մորը՝ կարծելով, որ դա անվտանգ չէ։ Եթե նա չի վստահում ինքն իրեն, պատկերացրեք, ինչպես կարող է նա երեխային վստահել ուրիշներին։ Արդյունքում, նա հայտնվում է անհավասարակշռության մեջ, իսկ հասարակությունը դա չի հասկանում։
Աջակցությունը պետք է լինի այնպիսին, որ կինը կարողանա լիովին ազատվել հոգսերից, հանգստանալ, ֆիլմ դիտել կամ երաժշտություն լսել։ Իրադրության փոփոխությունը նույնպես օգտակար է. ամուսնու հետ զբոսանքը կամ տնից դուրս գալը օգնում են նրան հասկանալ, որ կյանքը սահմանափակված չէ միայն երեխայով և տնային գործերով։ Կինը կարող է վշտանալ իր արտաքինի փոփոխություններից՝ աչքերի տակ պարկեր, հոգնածություն, վարսահարդարման և դիմահարդարման բացակայություն։ Այս մանրուքները «ձնագնդի» են ձևավորում՝ վերածվելով հուզական ձնահոսքի», — նշում է Աննա Մինասյանը։
Եթե հետծննդաբերական դեպրեսիան անուշադրության մատնեք, ապա այն կարող է լուրջ հետևանքների հանգեցնել. այն կարող է տևել ամիսներ, վերաճել քրոնիկ ընկճախտի, մեծացնել անհանգստությունը և առաջացնել հուզական հյուծում: Կինը կարող է դժվարությամբ հաղթահարել առօրյա պարտականությունները, խնդիրներ ունենալ սիրելիների հետ հարաբերություններում և դժվարությամբ հուզական կապ հաստատել իր երեխայի հետ: Ծանր դեպքերում կարող են զարգանալ կպչուն մտքեր և անելանելիության զգացում:
«Եթե հետծննդաբերական սթրեսը վերաճում է դեպրեսիայի և խորանում՝ վերածվելով քրոնիկ ձևի, դա դեպրեսիվ խանգարում է, որը պահանջում է հակադեպրեսանտներ՝ կյանքի որակը բարելավելու համար: Առանց դեղորայքի, առաջանում են լրացուցիչ խնդիրներ. կինը կարող է քնել, պառկել և ոչինչ չանել: Դեպրեսիան կարող է այնքան ծանր լինել, որ մարդը նույնիսկ ուտելու էներգիա չունենա: Իմ պրակտիկայում ես երբեք չեմ տեսել հետծննդաբերական դեպրեսիայի այս մակարդակի հասնող դեպք: Բայց նույնիսկ եթե կինը հրաժարվում է բուժումից, բժիշկը կարող է նշանակել մեղմ հակադեպրեսանտներ և վիտամինային հավելումներ՝ նրան օգնելու վերականգնվել», — ասում է հոգեբանը:
Կանանց մասին հոգ տանելը և նրանց խնդիրներին ուշադրություն դարձնելը կարևոր է ամեն օր, սակայն կանանց միամսյակը լավ հնարավորություն է դրա մասին բացահայտ խոսելու, միմյանց աջակցելու և չվախենալու օգնություն խնդրելուց։



