Փետրվարի 7-8-ը Գորիում անցկացվեց Ցոտնե Բարամիձեի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար պատանիների տարիքային խմբի ըմբիշների շրջանում, որին մասնակցեցին նաև Ախալքալաքի մարզիկները։
Ախալքալաքը մրցաշարում ներկայացրեցին երեք մարզիկներ՝ Սարգիս Կարախանյանը (85 կգ), Գևորգ Աբովյանը (48 կգ) և Միհրան Մոսոյանը (85 կգ), որոնց մարզում է Նորայր Կրջացյանը։ Միհրան Մոսոյանը նվաճեց բրոնզե մեդալ։
Գորիի մարզիկները հատկապես հաջողակ էին, նվաճելով ամենաշատ մեդալները՝ չորս ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով առաջին տեղը։ Ղազախստանը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Հայաստանը՝ երրորդը։ Հաղթողներն ու երկրորդ տեղը գրաված մարզիկները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և հատուկ մրցանակներով։
Ցոտնե Բարամիձեի հուշամրցաշարն առաջին անգամ անցկացվել է երեք տարի առաջ, իսկ այս տարի մրցույթը ձեռք բերեց միջազգային կարգավիճակ։ Մեր երկրի տարբեր շրջանների թիմերից բացի, Գորի էին ժամանել նաև Հունաստանի, Իսրայելի, Ղազախստանի և Հայաստանի թիմերը։ Գորիի մարզապալատում կայացած մրցույթին մասնակցեցին հինգ երկրների ավելի քան 300 մարզիկներ՝ մրցելով տղաների 10 և աղջիկների 4 քաշային կարգերում։



