2025 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը հայտարարել էր մարզական գույքի գնման երեք մրցույթ, սակայն դրանցից ոչ մեկը չէր կայացել մրցույթին մասնակիցների բացակայության պատճառով։ Արդյունքում, 2026 թվականին միջոցներն ուղղակիորեն բաշխվեցին մարզական կազմակերպությունների միջև, որպեսզի յուրաքանչյուր հաստատության ինքնուրույն կատարի գնումները։
Քաղաքապետարանը, մարզական գույքի գնման նպատակով, Մարզադպրոցի, Մարզական համալիրի, Փակ լողավազանի, Շախմատի դպրոցի և այլ մարզական օբյեկտների համար մրցույթ էր հայտարարել։ Սակայն երեք մրցույթն էլ անվավեր ճանաչվեցին՝ ոչ մի մասնակից քաղաքապետարանի համար գնում կատարելու հայտ չէր ներկայացրել։ Առաջին երկու մրցույթում գնման համար հատկացվել էր 30 435 լարի, երրորդ անգամ քաղաքապետարանը գումարը ավելացրել էր մինչև 34 610 լարի, սակայն դա նույնպես չէր գրավել մրցույթի մասնակիցներին։
2026 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանն որոշում կայացրեց այս միջոցներն ուղղակիորեն բաշխել կազմակերպությունների միջև, հիմնականում սպորտային ոլորտի։ Ֆինանսավորումը բաշխվեց հետևյալ կերպ.
• Մարզադպրոց՝ 9 860 լարի,
• Շախմատի դպրոց՝ 8 000 լարի,
• Փակ լողավազան՝ 9 350 լարի,
• Մարզահամալիր՝ 8 400 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության պետ Ռոզա Յորդանյանի խոսքով՝ քաղաքապետարանին ենթակա ոչ կոմերցիոն կազմակերպություններն իրավունք ունեն ինքնուրույն հայտարարել մրցույթներ կամ ուղիղ պայմանագրերով ապրանքներ գնել։
Նման կազմակերպություններն ուղիղ պայմանագրով կարող են ձեռք բերել մինչև 10 000 լարի արժողությամբ ապրանք, և քանի որ հաստատություններին հատկացված գումարները չեն գերազանցում 10 000 լարին, նրանք կկարողանան մարզական գույքը ձեռք բերել մատակարարի հետ ուղիղ պայմանագիր կնքելու միջոցով։



