Հունվարի 29-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն հաստատեց մունիցիպալ խորհրդի կանանց և երեխաների հարցերով 2026-2027 թվականների գործողությունների ծրագիրը։
Սակրեբուլոյի պատգամավորները միաձայն ընդունեցին ծրագիրը։ Փաստաթղթի նպատակն է Ախալքալաքի մունիցիպալիտետում ստեղծել կայուն ինստիտուցիոնալ, իրավական և կազմակերպչական մեխանիզմներ՝ կանանց և երեխաների շահերը հաշվի առնելու համար։ Ծրագիրը ներառում է այնպիսի նպատակներ, ինչպիսիք են՝ կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության ապահովումն որոշումների կայացման գործընթացում, հանրային քննարկումներում և հանդիպումներում արտահայտված առաջարկների, կարծիքների և գաղափարների վերլուծությունը, դրանց արտացոլումը մունիցիպալիտետի կողմից կազմակերպվող միջոցառումներին և իրավական ակտերում, ինչպես նաև այլ նախաձեռնություններում։
Ծրագրի իրականացումը ներառում է տեղեկատվության հավաքագրում, տվյալների բազայի ստեղծում, դասընթացների անցկացում, գենդերային հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցություն, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, հանրային իրազեկման հանդիպումների անցկացում, այդ թվում՝ գյուղական վայրերում, և ջրամատակարարման և տրանսպորտի ապահովման ծրագրերի լոբբինգ: Ծրագիրը ներառում է նաև առողջապահությունը՝ կենտրոնանալով կանանց և երեխաների վրա, և այլ ոլորտներ:
Հիշեցնենք,որ հունիսի 27-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն, ի թիվս այլ հարցերի, հաստատել էր տեղական ինքնակառավարման փաստաթղթերում «գենդեր» բառի վերաբերյալ փոփոխությունները: Ապրիլի 2-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել էր օրենք, որով «գենդերային հավասարություն» հասկացությունը փոխարինվել է «տղամարդու և կնոջ իրավահավասարություն» արտահայտությամբ։ Նոր օրենքը փոփոխություններ է մտցնում 2010 թվականին ընդունված «Գենդերային հավասարության մասին» օրենքում։ Այժմ այն կկոչվի «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին»։ «Գենդեր» բառը հանվել է օրենքի տեքստից։ Փաստաթղթից բացառվել են նաև մի քանի կետեր, օրինակ՝ «գենդեր» հասկացության բացատրությունը որպես միջսեռական հարաբերությունների սոցիալական ասպեկտ, որը ենթադրում է մեկ կամ մյուս սեռի վերաբերյալ հայացքներ՝ հիմնված անձի սոցիալականացման վրա։ Օրենքում այժմ ամրագրված է, որ տղամարդկանց և կանանց միջև հավասարությունը մարդու իրավունքների մի մասն է, որը ենթադրում է տղամարդկանց և կանանց հավասար իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև նրանց հավասար մասնակցություն կյանքի բոլոր ոլորտներում։



