նորություններ 30 Հունվարի, 2026 • Ախալքալաքում բիզնես կենտրոնները բախվել են ջրի հաշվիչների տեղադրման խնդրին

Անցած շաբաթվա ընթացքում Ախալքալաքում և Նինոծմինդայում մի շարք բիզնես կենտրոններում իրականացվել են ստուգումներ՝ ջրի օրինական միացումները վերահսկելու նպատակով։ Ստուգումների արդյունքում ներկայացվել են ցուցումներ որոշ փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ՝ համապատասխանեցնելով գործող չափանիշներին, որոնցից մեկը ջրի հաշվիչի պարտադիր տեղադրումն է։ Վրաստանի Միավորված ջրամատակարարման ընկերության տեղեկացմամբ՝ առաջիկայում բոլոր բիզնես օբյեկտները պարտադիր պետք է  ունենան անհատական ջրի հաշվիչ, իսկ ամսական վճարումը կկատարվի՝ ըստ հաշվիչի ցուցմունքների։

Այս որոշումից հետո մի շարք բիզնեսների տերեր դիմել են Ախալքալաքի քաղաքապետարան՝ խնդրանքով, որ աջակցեն իրենց, նշելով, որ սահմանված սակագները բարձր են։ Բացի այդ, նրանք ընդգծում են, որ Ախալքալաքում ձմռանը ջուրն անխուսափելիորեն սառչում է, և հաշվիչների տեղադրումից հետո ամբողջ օրը ջուրը միացված թողնելը կհանգեցնի զգալի ֆինանսական բեռի։

Jnews-ը խոսել է տարբեր բիզնեսների տերերի հետ, պարզելու նրանց անհանգստացնող հիմնական խնդիրները և հասկանալու՝ արդյո՞ք կան հնարավոր լուծումներ։ Նրանց խոսքով՝ քաղաքապետարանում ասել են, որ այս պահին հստակ տեղեկատվություն չունեն՝ ոչ սակագների, ոչ էլ որևէ այլ կարգավորման մասին։ Միաժամանակ, քաղաքապետարանում ընդգծել են, որ լիովին հասկանում են բնակիչների մտահոգությունները և տեղեկատվություն ունենալու դեպքում խոստացել են կապ հաստատել նրանց հետ։

Ինչպես բիզնեսների տերերի հետ զրույցներից պարզ է դառնում,  խնդիրը ոչ այնքան հաշվիչների տեղադրման մեջ է, որքան սահմանված սակագների։ Ախալքալաքում բիզնես ունեցողներն ընդգծում են, որ Թբիլիսիի և Սամցխե-Ջավախեթիի ձմեռային պայմանները նույնը չեն, հետևաբար՝ նույնը չեն կարող լինել նաև պայմանները։

«Եթե տեղադրելու են հաշվիչ, հարմար գին սահմանեն, բոլորի համար հարմար լինի, գիտեք մեր մոտի սառնամանիքներն ինչ խնդիրներ են առաջացնում։ Մեր տարածաշրջանում ցուրտը «ստիպում է», որ ջուրն ամբողջ օրը հոսի որպեսզի այն չսառչի», — ասում է բիզնեսմեններից մեկը։

«Պատրաստվում եմ շարունակել բիզնեսը, հաշիվ տեղատրելուց հետո՝ եթե ամսեկան 500-600 լարի վճարելու եմ ջրի համար, ապա դա կազդի իմ բիզնեսին, եւ, եթե եկամուտս քիչ լինի ստիպված եմ ափն փակել», — ասում է մեկ այլ բիզնեսի սեփականատեր։

Ախալքալաքում մեծ ու փոքր բիզնեսների տերերը հայտնվել են անորոշության մեջ և դիմում են տարբեր պատկան մարմինների՝ հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով։

Նրանցից մեկը, ով ջրատար խողովակներն արդեն անցկացրել է սեփական միջոցներով և ցանկանում է դիմել միայն ջրի հաշվիչի տեղադրման համար, հարցով դիմել է Jnews-ին՝ պարզելու, թե նման դեպքում ի՞նչ չափի վճար է նախատեսվում։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ցանկացած նոր բաժանորդի համար, անկախ նրանից՝ ջրատար խողովակները նոր են տեղադրվել, թե ընդհանրապես բացակայում են, ջրի հաշվիչին միանալու սակագինը նույնն է։

Վրաստանի Միավորված ջրամատակարարման ընկերությունը բաժանորդներին ուղղված նամակում պարզաբանում է, որ ծառայության արժեքը տարբեր է՝ կախված ինքնակառավարվող քաղաքից կամ մունիցիպալիտետից, ինչպես նաև խողովակի տրամագծի չափսից։

Օրինակ՝ սովորական՝ 25–32 մմ տրամագծի խողովակի դեպքում ծառայության արժեքը կազմում է 12 000 լարի։

Jnews-ն ավելի վաղ գրավոր դիմում էր ուղարկել Ջրամատակարարման գործակալությանը՝ պարզելու սակագները, որոնք են համարվում օրինական կամ անօրինական միացումներ, ինչպես է կարգավորվելու խնդիրն այն դեպքերում, երբ բաժանորդի տարածքի մոտ բացակայում են ջրամատակարարման և կոյուղու հարմարանքները, ինչպես նաև ի՞նչ տուգանքներ կամ պատասխանատվություն է սահմանված այն բաժանորդների համար, որոնք չեն հաշվի առնում ներկայացված առաջարկությունները։

Մինչև այսօր դեռ մեր նամակին չեն պատասխանել։ Պատասխանն ստանալուն պես Jnews-ն այն անպայման կհրապարակի։

Այսպիսով, հարցը շարունակում է մնալ բաց, իսկ մեծ ու փոքր բիզնեսների տերերը սպասում են հստակ ու գործնական լուծումների։

Հավելենք, որ բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ է դիմել Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոն։ Jnews-ի տեղեկություններով՝ Ախալքալաքում արդեն 10 նոր բաժանորդ է դիմել հաշվիչ տեղադրելու համար։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝