Ախալքալաքի նոր գերեզմանատանը տեղի է ունեցել քաղաքի բնակչի առաջին հուղարկավորությունը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ գերեզմանատան շինարարությունն ավարտվել է, և նախագիծը հաստատվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից։
Այսուհետ Ախալքալաքում հուղարկավորության համար նոր տեղեր կհատկացվեն քաղաքային նոր գերեզմանատանը։ Սկզբնապես նախագիծը նախատեսված էր ավարտել անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն առաջին հուղարկավորությունը տեղի ունեցավ միայն 2026 թվականի հունվարի 16-ին։ Ախալքալաքի նոր գերեզմանատունը գտնվում է քաղաքային հիվանդանոցի անմիջապես հետևում։ Տեղացիներն այդ վայրն անվանում են «օդանավակայան»։
4 հեկտար տարածքը ցանկապատված է, կենտրոնական մուտքի առջև՝ ծածկի տակ, տեղակայված է «հանգստաքարը»: Խճաքարով է լցված ինչպես ներքին ճանապարհը, այնպես էլ Վաչիան գյուղի հետ կապող մայրուղի տանող ճանապարհը: Հենց այս ճանապարհն է նախատեսված որպես գլխավոր, սակայն կա նաև երկրորդ ճանապարհ: Այնուամենայնիվ, հուղարկավորության թափորը կարող է խանգարել հիվանդանոցի աշխատանքին, քանի որ այն անցնում է հիվանդանոցի բակով:
Դեռևս 2024 թվականի հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել էր էլեկտրոնային մրցույթ՝ նոր գերեզմանատուն կառուցելու համար։ Ծրագիրը երկամյա է և պետք է ավարտվի 2025 թվականին։ Աշխատանքների կատարման ժամանակացույցն ըստ պայմանագրի՝ պայմանագրի ստորագրումից հետո 70 օր է, մասնավորապես՝ 2024 թ․-ին՝ պայմանագրի կնքումից հետո՝ 30 օրացուցային օր, մինչև եղանակային պայմանների վատթարացումը, իսկ 2025 թ․-ին՝ եղանակային պայմանների բարելավումից հետո՝ 40 օրացուցային օր։
Ախալքալաքում նոր գերեզմանատունը կառուցում էր ՍՊԸ «Ճանապարհաշինարարական վարչություն»-ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում էր 274 000 լարի, ներառյալ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը։
Ախալքալաքի ցանկապատված հին գերեզմանատունը տասնամյակներ շարունակ ամբողջությամբ լցվել է, և աստիճանաբար բնակիչները սկսել են գերեզմանների համար տեղեր զբաղեցնել Տավշան Թափա բլրի ստորոտին գտնվող գերեզմանատան հարակից տարածքում, գերեզմանոցը հորիզոնական ուղղությամբ մի քանի հարյուր մետր տարածվել է մի քանի շերտով: Գերեզմանոցով անցնող ճանապարհն ասֆալտապատվել է։ Այժմ գերեզմանոցը ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ է տարածվել, հիմնականում նոր գերեզմանները փորում են մեկ գծով՝ գերեզմանոցը հորիզոնական ձգելով դեպի հանգստի գոտի։



