Տարեսկզբից Վրաստանում ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնք պահանջում են, որ երկիր զբոսաշրջության նպատակով մուտք գործող օտարերկրյա քաղաքացիներն ունենան առողջության ապահովագրություն: Սակայն, դեռևս պարզ չէ, թե ինչպես է այս օրենքը գործում, ո՞ւմից են պահանջում ապահովագրություն սահմանին, և, առհասարակ պահանջո՞ւմ են՝ մինչև վերջ հասկանալի չէ:
Վրաստանի օրենսդրական տեղեկագրում հրապարակվել է որոշում, որը պարտադրում է, որ երկիր զբոսաշրջության նպատակով ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ունենան բժշկական ապահովագրություն: 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկները պարտավոր են ունենալ բժշկական ապահովագրություն, ներառյալ դժբախտ պատահարի ապահովագրությունը, Վրաստանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար: Ապահովագրական գումարը պետք է լինի առնվազն 30,000 լարի (մոտավորապես 11 100 ԱՄՆ դոլար): Ապահովագրական պոլիսը կարող է ներկայացվել տպագիր կամ էլեկտրոնային ձևաչափով և պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզուներով:
Ապահովագրական պոլիս ունենալու պահանջը չի տարածվում դիվանագիտական ծառայողական, պաշտոնական կամ հատուկ անձնագրերի տերերին, ինչպես նաև միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդների վրա: Դրա հետ մեկտեղ, չնայած ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջին, փաստաթուղթը չի նախատեսում տուգանային պատժամիջոցներ դրա բացակայության համար։
Օրենսդրական փոփոխություններին չնայած, շատ մուտք գործող զբոսաշրջիկներ և ոչ զբոսաշրջիկներ դեռևս հարցեր ունեն ապահովագրական պոլիսների արժեքի, դրանք կնքելու վայրի և կարգի, ստուգման գործընթացի և այն մասին, թե՞ արդյոք պահանջը վերաբերում է կացության թույլտվություն ունեցողներին։
Օրենքն ինքնին վերաբերում է զբոսաշրջիկներին, այլ ոչ թե երկրի ռեզիդենտ բնակիչներին։ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ «զբոսաշրջիկը այն անձն է, որը կամավոր կերպով ճանապարհորդում է իր մշտական բնակության վայրից դուրս՝ հանգստի, առողջության բարելավման, գործնական կամ այլ նպատակներով՝ ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, և որի ուղևորությունը չի փոխհատուցվում ժամանակավոր բնակության վայրի ֆինանսական աղբյուրներից»։
Զբոսաշրջության ազգային վարչության պարզաբանումներում ճանապարհորդական ապահովագրության վերաբերյալ նշվում է, որ բնակության թույլտվություն ունեցողները դասվում են այլ կատեգորիայի և ֆորմալ չեն սահմանվում որպես «զբոսաշրջիկներ»։ Սակայն այս հարցի վերաբերյալ վերջնական պաշտոնական պարզաբանումները դեռևս չեն հրապարակվել, ինչը ստեղծում է իրավական անորոշություն։
Վրաստան մուտք գործող մարդիկ մնում են անորոշության մեջ՝ չհասկանալով, թե արդյո՞ք պարտադիր ապահովագրությունը վերաբերում է իրենց, թե ոչ։ Ախալքալաքի որոշ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող բնակիչները երկարաժամկետ ապահովագրություն են ձեռք բերել՝ ցանկացած խնդիրից խուսափելու համար։
«Մենք Հայաստանում 12 800 դրամ վճարեցինք ճանապարհորդական ապահովագրության համար, որը գործում է 90 օր, բայց մեկ տարով է։ Մեկ տարվա ճանապարհորդական ապահովագրության պոլիսն արժեր մոտ 22 000 դրամ։ Սահմանին մեզ զգուշացրին, որ կապ չունի՝ մենք բնակության թույլտվություն ունենք, թե ոչ։ Նրանք ասացին, որ դեռ զգուշացնում են և նշումներ են անում, թե ում են նախազգուշացրել», — ասում է Ախալքալաքի բնակիչը։
«Եթե ես ապրում եմ Վրաստանում և ունեմ բնակության թույլտվություն, արդյո՞ք ինձ ապահովագրություն է պետք երկրից դուրս գալիս և վերադառնալիս։ Որոշ կայքերում ասվում է, որ ապահովագրությունը պարտադիր չէ, եթե դուք ունեք բնակության թույլտվություն։ Ես չգիտեմ, թե որքանով է դա համապատասխանում ճշմարտությանը», — գրում են սոցիալական ցանցերում։
«Օրենքը վերաբերում է միայն զբոսաշրջիկներին, այլ ոչ թե Վրաստանի քաղաքացիներին: Զբոսաշրջության նախարարության բացատրության մեջ նշված է, որ ժամանակավոր բնակության թույլտվություն ունեցող քաղաքացիներն այլ կատեգորիա են և չեն համարվում «զբոսաշրջիկներ»: Այնուամենայնիվ, մենք դեռ սպասում ենք պարզաբանման: Եվ մուտքի ժամանակ պարտադիր է ճանապարհորդական ապահովագրություն ունենալ: Այն անօգուտ է ելքի ժամանակ», — գրում է Facebook-ի մեկ այլ օգտատեր:
Սահմանը հատողների խոսքով՝ բժշկական ապահովագրությունը կարելի է ստանալ նախապես կամ երկիր մուտք գործելիս: Օրենքով, Վրաստան մուտք գործելիս զբոսաշրջիկները պարտավոր են ունենալ վրացական կամ օտարերկրյա ապահովագրական ընկերության կողմից տրված ապահովագրական պոլիս: Վրաստան մուտք գործելիս Վրաստանի ՆԳՆ Պարեկային ոստիկանության դեպարտամենտի պատասխանատու աշխատակիցը լիազորված է ստուգել զբոսաշրջիկի պոլիսն անցակետում:
Այսպիսով, ականատեսները հայտնում են, որ Թբիլիսիի օդանավակայանում ապահովագրություն չունեցող օտարերկրացիներին առաջարկել են տեղում ձեռք բերել պոլիս, և բոլոր ժամանող ճանապարհորդները ստիպված են եղել դա անել: Ապահովագրության արժեքը տարբերվում է՝ կախված ընկերությունից և պայմաններից: Մի քանի հոգուց բաղկացած ընտանիքների համար ապահովագրության տարեկան արժեքը կարող է զգալի ծախս լինել, մինչդեռ կարճաժամկետ ուղևորությունների համար այն մնում է համեմատաբար էժան: Օրինակ՝ Հայաստանից Ախալքալաք այցելող երեք հոգանոց ընտանիքը ճանապարհորդական ապահովագրության համար վճարել է 6000 դրամ (մոտավորապես 42 լարի):
Jnews-ի հետ զրույցում միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները հայտնել են, որ առաջին մի քանի օրերի ընթացքում մաքսային ծառայությունում հարցրել են ճանապարհորդական ապահովագրության առկայության մասին: Սակայն դրանից հետո նրանք դադարել են դրանով հետաքրքրվել:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը զբոսաշրջության մասին օրենքն ընդունել է 2023 թվականի դեկտեմբերին: Սկզբում նախատեսվում էր, որ զբոսաշրջիկների պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունիսի 1-ից, սակայն իշխանություններն անհրաժեշտ համարեցին լրացուցիչ նախապատրաստական ժամանակ: Արդյունքում, 2024 թվականի հունիսին ընդունվեցին փոփոխություններ, որոնցով պարտադիր ապահովագրության ներդրումը հետաձգվեց մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:



