Հունվարի 15-ից, ինչպես ամբողջ Վրաստանի, այնպես էլ Ախալքալաքի հանրակրթական դպրոցներում վերսկսվել է ուսումնական գործընթացը։ Տոնական օրերի ընթացքում երեխաների առօրյա ռեժիմը զգալիորեն փոխվում է, ինչի հետևանքով արձակուրդից հետո շատերի համար դժվար է վերադառնալ դասապրոցեսին։ Սկզբնական շրջանում երեխաները կարող են լինել ավելի ցրված, դասերի նկատմամբ հետաքրքրությունը կարող է նվազել, իսկ սովորելու մոտիվացիան՝ թուլանալ։
Jnews-ը զրուցել է կրթական համակարգի փորձագետ Վարդուհի Կուրղինյանի հետ՝ պարզելու այս խնդրի պատճառները և դրանցից խուսափելու հնարավոր ուղիները։
Վարդուհի Կուրղինյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե արձակուրդն է կամ դասի վերադարձը, այլ կրթական համակարգի ընդհանուր մոտեցումները։
«Դասապրոցեսին վերադառնալը նախ և առաջ կապված է երեխայի մոտիվացիայի հետ։ Երկրորդ՝ երեխան պետք է հասկանա, թե դպրոցը ինչ է տալիս իրեն, իսկ երրորդ՝ այդ ամենը ձևավորվում է հենց դպրոցում և ուսուցչի միջոցով»,- նշում է նա։
Փորձագետը կարևորում է ինքնավերահսկման և ինքնակառավարման մեթոդի օգտագործումը, որոնք պետք է ձևավորվեն դեռ փոքր տարիքից՝ ծնողի, ուսուցչի և աշակերտի համատեղ աշխատանքի արդյունքում։
Կրթական փորձագետի համոզմամբ՝ երեխան չպետք է դպրոցն ընկալի որպես ազատության սահմանափակում։
«Մեզ մոտ դպրոցը հաճախ ասոցացվում է խստության, կարգապահության և պարտադրանքի հետ։ Երեխան պետք է դպրոցը տեսնի որպես մի վայր, որտեղ ստանում է գիտելիք և հմտություններ, որոնք անհրաժեշտ են իրեն այսօր և ապագայում։ Ցավոք, Վրաստանի կրթական համակարգում այդ ընկալումը դեռևս ամբողջությամբ ձևավորված չէ ոչ աշակերտների, ոչ էլ շատ ուսուցիչների մոտ»,- ասում է Կուրղինյանը։
Ինքնակառավարման մեթոդն առավել արդյունավետ է միջին և բարձր դասարանների աշակերտների համար։ Փոքր տարիքում երեխաները հիմնականում գտնվում են ծնողական խիստ վերահսկողության տակ, ինչի հետևանքով սովորում են, որ իրենց կառավարում են, այլ ոչ թե իրենք են կառավարում իրենց ժամանակն ու պարտականությունները։
«Երբ երեխային մշտապես ստիպողաբար են դաս անել տալիս, արձակուրդը նրա համար դառնում է լիակատար ազատություն։ Այդ դեպքում դասին վերադարձն ընկալվում է որպես հերթական սահմանափակում»,- նշում է փորձագետը։
Նրա խոսքով՝ ծնողները պետք է ոչ թե ստիպեն, այլ բացատրեն՝ ինչո՞ւ է կարևոր սովորելը, ի՞նչ նպատակ ունի այն, և մոտիվացնեն երեխային իր նպատակներին հասնելու համար։ Դրա համար կան մեթոդներ։ Այդ նպատակներին հասնելու մեթոդները պարտադիր չէ, որ խիստ լինեն։
«Դպրոցը հենց դրա համար է, որ երեխան ամբողջական ընկալի ուսումնական նյութը՝ տարբեր մեթոդներով՝ տեսողական, լսողական, բանավոր և գրավոր։ Եթե երեխան հասկացել է նյութի իմաստը, նա այն չի մոռանա՝ անկախ նրանից՝ արձակուրդը 15 օր է եղել, թե երեք ամիս»,- ընդգծում է կրթության փորձագետ Վարդուհի Կուրղինյանը։
Նոր կրթական մոտեցումների համաձայն՝ կարևոր է ոչ թե սխալ-ճիշտ խիստ վերահսկումը, այլ իմաստի և նպատակի բացատրումը, ինչը ձևավորում է ներքին մոտիվացիա։
Փորձագետը նաև համոզված է, որ հեռախոսների, խաղերի և ինտերնետի լիակատար արգելքը հակառակ արդյունք է տալիս։
«Երբ ինչ-որ բան արգելվում է, հետաքրքրությունը դրա նկատմամբ միայն աճում է։ Եթե հեռախոսը չափավոր օգտագործվի նաև ուսումնական գործընթացում, արձակուրդի ժամանակ այն չի դառնա միակ «ազատության» միջոցը»,- ավելացնում է նա։
Կուրղինյանի խոսքով՝ կրթական համակարգը պետք է քայլի նորարարության կողքին և չփորձի արհեստականորեն կտրել երեխաներին տեխնոլոգիաներից ու արհեստական բանականությունից։
Վերջինս նաև շեշտում է, որ լարվածությունը մեծ քանակությամբ էներգիա է խլում երեխայից, ուստի կարևոր է հնարավորինս խուսափել դրանից։ Կան նաև պարզ հնարքներ, որոնք օգնում են խնայել էներգիան և արդյունավետ կառավարել ժամանակը։
Արդյունավետ օրվա կարևոր գործոններից մեկը նախաճաշն է։ Բացի անհրաժեշտ վիտամիններ ապահովելուց, այն նպաստում է լյարդի բնականոն աշխատանքին և կանխում է կողային հատվածներում առաջացող ցավերը։
Սովորաբար այն աշակերտները, ովքեր չեն նախաճաշում, դպրոցից վերադառնալուց հետո արագ սնունդ են ընդունում, ինչի արդյունքում օրգանիզմը մեծ էներգիա է ծախսում մարսման վրա։ Դա կարող է հանգեցնել քնկոտության՝ հատկապես ժամը 16։00–17։00-ի սահմաններում։
Էներգիա խնայելու համար խորհուրդ է տրվում, որ երեխան դասերը սովորի դեղին կամ տաք լույսով լուսավորված սենյակում։



