նորություններ 16 Հունվարի, 2026 • Ծխախոտի ծուխը հարսանիքների ժամանակ․ օրենքը գործում է, իսկ վերահսկո՞ւմը ․․․

Ախալքալաքում հարսանիքների ամենաեռուն ժամանակաշրջանն է։ Քաղաքի բոլոր հարսանյանց սրահները զբաղված են։ Jnews-ը հետաքրքրվել է, արդյոք հարսանիքների ժամանակ վերահսկվում է ծխախոտի օգտագործումը փակ տարածքներում։

Ջավախքում հարսանիքներին տոնական մթնոլորտը հաճախ «խաթարվում է», քանի որ, մեկ ժամ չանցած՝ սրահները լցվում են ծխախոտի ծխով։ Հարսանիքներին ներկա են լինում նաև երեխաներ, սակայն նույնիսկ դա չի խոչընդոտում, որ հյուրերը դուրս գան ծխելու մինչև առաջին ուտեստի մատուցումը, որից հետո մեծ մասն այլևս չի տեղաշարժվում և սկսում է ծխել նստած տեղում՝ փակ տարածքում։

Jnews-ը փորձել է պարզել՝ ինչպիսի՞ն է այս օրենքի վերահսկման վիճակն այսօր, արդյո՞ք իրականացվում է վերահսկում և կիրառվում են տուգանքներ։

Հարսանյաց սրահների սեփականատերերը մեզ հետ զրույցի ընթացքում նշեցին, որ սրահների ներսում մոխրամաններ չեն օգտագործվում, իսկ ծխելու համար նախատեսված են պատշգամբներ։ Սակայն նրանք նաև ընդգծեցին, որ հարբած մարդկանց հետ վեճի մեջ մտնել չեն կարող։

Ըստ Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանի՝ մինչև 2025 թվականի կեսերը փակ տարածքներում ծխելու դեպքերը ակտիվորեն վերահսկվում էին, և տուգանվում էին թե՛ ծխողները, թե՛ հաստատության սեփականատերերը։ Սեփականատերերին 5 000-ից մինչև 10 000 լարի չափով տուգանքներ են գրվել։

«2025 թվականի կեսերից վերահսկման ծրագիրը դադարեցվել է։ Մինչ այդ վերահսկողությունն ակտիվ էր, իսկ ընթացիկ տարվա համար որևէ նոր ծրագրի վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա։ Մենք տուգանքներ չէինք կիրառում, այլ զգուշացնում էինք սեփականատերերին, իսկ կրկնակի խախտումների դեպքում տուգանքները կիրառվում էին Թբիլիսիից։ Ծրագիրն արդյունավետ էր, սակայն այս պահին դեռևս պարզ չէ՝ այն կկիրառվի՞ ընթացիկ տարում, թե՞ ոչ», — ասում է Սիրանուշ Տոնականյանը։

Դրական օրինակներից է Կարտիկամ գյուղի հարսանյաց սրահը, որտեղ հարսանիքի ընթացքում նկատվել է, որ ներկաները չեն ծխել հանդիսությունների սրահի ներսում։

Ախալքալաքի բնակիչ Մարինա Մարաբյանը նշում է, որ արդեն 4–5 տարի է՝ ունի ֆարենգիտի հետքեր և չի կարողանում տանել ծխախոտի ծխի հոտը։

«Միշտ խուսափում եմ ծխախոտի ծխից, հարսանիքներին երկար չեմ մնում, շատ է ազդում վրաս, հազացնում է, օդս չի հերիքում։ Սրահից անհնար է առանց ծխախոտի հոտի դուրս գալ, հագուստիցդ, մազերիցդ ծխի հոտ է գալիս, կարծես դու ես ծխել», — ասում է Մարինան, և հավելում, որ ծխից սկսում է խեղդվել, ինքնազգացողությունը վատանում է։

Վերջինս նաև ընդգծում է երեխաների ներկայությամբ ծխելու վնասակար ազդեցությունը.

«Երեխաները սովորում են այն, ինչ տեսնում են մեծերից։ Դրա համար պետք չէ նրանց ներկայությամբ ծխել», — եզրափակում է նա։

Ախալքալաքում բժշկական աշխատողների և բնակիչների դիտարկմամբ՝ շնչառական հիվանդությունները, մասնավորապես ֆարենգիտը և բրոնխիտի տարբեր ձևերը, բավական տարածված են կանանց շրջանում։ Շատ կանայք նշում են, որ փակ տարածքներում ծխելը զգալիորեն սրում է իրենց առողջական խնդիրները։ Այս իրողությունը ևս պետք է հաշվի առնվի թութունի օգտագործման սահմանափակումների վերաբերյալ օրենքի կիրառման և վերահսկման ժամանակ, հատկապես հասարակական միջոցառումների ընթացքում։

Հիշեցնենք, որ ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 7000 վտանգավոր քիմիական միացություններ և տարրեր՝ այդ թվում բենզոլ, ամոնիակ, կապար, ջրածնի ցիանիդ, ֆորմալդեհիդ և այլ նյութեր։

2018 թվականի մայիսի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում հասարակական հավաքների վայրերում և փակ տարածքներում արգելվում է ծխել թութունի ցանկացած տեսակ։ Արգելքը վերաբերում է նաև էլեկտրոնային ծխախոտներին և տաքացվող թութունի արտադրանքին։ Մասնավորապես՝ առաջին անգամ՝ 50 լարի, երկրորդ անգամ՝ 100 լարի, իսկ դրանից հետո՝ յուրաքանչյուր հաջորդ դեպքում՝ 200 լարի տուգանք՝ մեկ տարվա ընթացքում։ Նույնպես այն հաստատությունը, որը չի պահանջել դադարեցնել ծխելը, կտուգանվի առաջին անգամ՝ 500 լարի, երկրորդ անգամ՝ 1 000 լարի, իսկ դրանից հետո՝ յուրաքանչյուր հաջորդ դեպքում՝ 2 000 լարի տուգանքով՝ մեկ տարվա ընթացքում։

Թութունի օգտագործման սահմանափակումների վերաբերյալ օրենքին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝