Հասարակություննորություններ 14 Հունվարի, 2026 • Ախալքալաք քաղաքի մայթերի ձնամաքրման խնդիրը

Ամանորյա տոների ընթացքում բնակիչների հիմնական հոսքն ուղղված էր քաղաքի կենտրոն։ Տոնական օրերին կենտրոնական փողոցների մայթերը վտանգավոր էին հետիոտների համար՝ հալած ձյունից առաջացած սառույցի պատճառով։ Պատկան մարմինները վստահեցնում են, որ տեղումներից հետո պարտադիր մաքրում են մայթերը։

Jnews-ը փորձեց հասկանալ կանխարգելիչ կամ կազմակերպչական ինչ միջոցներ են իրականացվել՝ զրուցելով տեղի առևտրականների հետ, ովքեր նշեցին, որ ոչ միայն մայթերի, այլ երբևէ այդ փողոցներում ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվել՝ համապատասխան ծառայությունների կողմից։ Նրանց խոսքով՝ սեփական առևտրի կետերի և խանութների դիմացի հատվածները մաքրում են անձամբ սեփականատերերը։

Jnews-ը հեռախոսազրույց է ունեցել քաղաքապետարանի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք քաղաքում ճանապարհների մայթերը ժամանակին մաքրվում են ձյունից և մշակվում են հակասառցային նյութերով։

Պարոն Ռստակյանի խոսքով՝ Ախալքալաքի բոլոր կենտրոնական փողոցների մայթերը մաքրվում են, այդ թվում՝ տոնական օրերին։ Նրա խոսքով՝ Նալբանդյան փողոցը, որտեղ տոն օրերին մարդկանց հոսքը մեծ էր, նույնպես մաքրված է եղել։

«Մայթերը հակասառցային նյութերով չեն մշակվում, քանի որ դրա հնարավորությունը չունենք։ Մայթերի մաքրման համար ունենք փոքր ռոտոր, որը բավարար է։ Դրանով մաքրում ենք մինչև կամուրջ ընկած հատվածը։ Ձյունը մաքրվում է ամեն ձյան տեղումից հետո՝ երեկոյան ժամը 16:00-ին և առավոտյան ժամերին։ Գիշերը երբ ձյունը սառչում է, միայն վերին շերտն ենք մաքրում, իսկ սառույցը կոտրելու համար անհրաժեշտ է առանձին գործիք, քանի որ տեխնիկան կարող է վնասվել», – նշեց նա։

IMG_4766

Ախալքալաքում կենտրոնական փողոցների մայթերի մաքրմամբ զբաղվում է Սպասարկման կենտրոնը, իսկ կենտրոնական և գյուղական ավտոճանապարհների մաքրման աշխատանքները պայմանագրի համաձայն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը։

Չնայած իրականացվող աշխատանքներին՝ տոնական օրերին  ձյան առկայությունը դժվարացրել էր ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների տեղաշարժը։

Ախալքալաքի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արմեն Մղդեսյանի խոսքով՝ տոնական օրերի համար համապատասխան պայմանագիր չի եղել, ինչի պատճառով խնդիրներ են առաջացել։

«Ներկայումս պայմանագիրն արդեն կնքված է, և դրա համաձայն ձնամաքրման աշխատանքներ կիրականացվեն։ Մենք ենք որոշում, թե որ հատվածներում պետք է իրականացվի մաքրում։ Կան նաև հատվածներ, որոնց պատասխանատվությունն այլ կառույցների վրա է», – նշեց Մղդեսյանը։

Հավելենք, որ Ախալքալաք քաղաքում բացակայում են հեղեղատար համակարգերը, որոնք կարող էին ապահովել հալած ձյան հեռացումը և կանխել սառցակալումը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝