նորություններ 29 Դեկտեմբերի, 2025 • Թիվ 4 դպրոցը պարգևատրվեց կամավորական զինծառայողների համար

Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցը Վրաստանի պաշտպանության նախարարության Զինվորական ծառայության և հավաքագրման ազգային գործակալության կողմից շնորհակալագիր է ստացել, քանի որ շրջանում ամենաշատ կամավորական զինծառայող է գրանցվել հենց այս դպրոցից։ 

Շնորհակալագիր հանձնվեց դպրոցի տնօրենին և ուսուցիչներին՝ աշակերտների հայրենասիրական դաստիարակության, ինչպես նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

Պարգևատրման միջոցառմանը ներկա էր զինծառայության Շիդա Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային կենտրոնի ու Ախալքալաքի մունիցիպալիտետի ավագ մայոր Բեսիկ Մելիքիձեն։

7

Պարգևատրման ընթացքում նշվեց, որ դպրոցի աշակերտների կրթվածությունն ու ակտիվությունը հանդիսանում են բարձր պատասխանատվության, հայրենասիրության և երկրի ապագայի նկատմամբ գիտակցված վերաբերմունքի վառ օրինակ։ Դպրոցին մաղթեցին հետագա հաջողություններ և շարունակական առաջընթաց։

Ախալքալաքի զինծառայության բաժնի գլխավոր սերժանտ Վալերի Ցուցքիրիձեն ասաց.

«Այսօր եղանք Ախալքալաքի թիվ 4-րդ դպրոցում, քանի որ 2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ մեկ տարվա ընթացքում այս դպրոցից ազգային զինվորական ծառայության է մեկնել 14 կամավոր»։

Դպրոցի տնօրեն Գայանե Կարախանյանն իր խոսքում նշեց.

«Մենք պարգևատրվեցինք շնորհակալագրով, որի համար շնորհակալություն եմ հայտնում տեղական զինվորական ծառայության մայոր Բեսիկ Մելիքիձեին։ Մեր դպրոցի մանկավարժները միշտ էլ կարևորում են հայրենասիրության թեման։ Եվ մշտապես աշխատում ենք դաստիարակել հայրենանվեր աշակերտներ: Մեր դպրոցում մեծ ուշադրություն է դարձվել բանակում ծառայության ներկայիս պայմանների վերաբերյալ տեղեկատվության տարածմանը՝ թե՛ վարձատրության, թե՛ տարիքային պահանջների առումով։ Այդ ուղղությամբ մենք խթան ենք հանդիսացել, որ մեկնել են ծառայության։ Դպրոցը ձգտում է դաստիարակել խելացի, հայրենասեր և արժանի քաղաքացիներ»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝