Awesome Foundation Javakhk-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում ներկայացված 15 նախագծերից հաղթող է ճանաչվել ախալքալաքցի Սարգիս Շահինյանի «Կարդա և վերադարձրու» նախագիծը։
Ծրագրի հիմնական նպատակը համայնքում փոքր գրապահարանների ստեղծումն է, որոնք կգործեն «Կարդա և վերադարձրու» սկզբունքով։ Այս կերպ ստեղծվելու է ընթերցանության խթանման համայնքային ցանց, որտեղ գրքերը կլինեն ազատ և հասանելի հատկապես երիտասարդների համար։
Սարգիսի խոսքով՝ Ախալքալաքում գրքերի հասանելիությունը միշտ խնդիր է եղել․
«Ես ինքս ընթերցասեր եմ, բայց և միշտ գրքի խնդիր եմ ունեցել ծանոթների միջոցով եմ գիրք գտել, քանի, որ իմ նման շատերը կան որոնք նույն խնդրին են բախվում մեր քաղաքում»։
Այս փորձն էլ դարձել է գաղափարի հիմքը՝ հասկանալով, որ իր նման շատ երիտասարդներ կան քաղաքում։
«Մտածեցի՝ եթե ես ունեմ այս խնդիրը, ուրեմն կան նաև ուրիշները։ Ու ցանկացա փոքր քայլով աջակցել և հեշտացնել գրքի հասանելիությունը մեր քաղաքում»։
Այս պահի դրությամբ արդեն գնվել է շուրջ 70 գիրք, և հավաքածուն պարբերաբար համալրվելու է։
Գրքերից մոտ 50-ը հայերեն են, կան նաև անգլերենով և վրացերենով հայտնի գրքեր։
Բացի այդ, կան կամավորներ, ովքեր պատրաստակամ են իրենց անձնական գրքերը ևս նվիրաբերել գրապահարաններին։
«Առաջին գրապահարանն արդեն տեղադրվել է Կարմիր Խաչի Ախալքալաքի գրասենյակում, որտեղ տեղադրված է 10 գիրք։ Թրեյնինգների և հանդիպումների ժամանակ այս անկյունը լրացուցիչ ուշադրության կարժանանա և նոր շունչ կհաղորդի գրասենյակին։
Սարգիսի խոսքով, գրքերի մեծ մասը վերաբերում է՝ անձնային աճին, ինքնազարգացմանը, համաշխարհային բեսթսելերներին։
«Հաջորդ գրապահարանները նախատեսվում է տեղադրել՝ Ախալքալաքի Հայկական Երիտասարդական Կենտրոնում, «Ապագայի Տանը», ՋԱՀ-ի գրասենյակում, LAG-ի գրասենյակում: Այս վայրերը ընտրվել են այն սկզբունքով, որ այնտեղ ավելի շատ ընթերցասեր մարդիկ են հավաքվում։
Սարգիսը վստահ է, որ հաջորդ տարիներում այս նախաձեռնությունը կօգնի, որպեսզի համայնքում ընթերցանության հանդեպ հետաքրքրությունն աճի։
«Կա մի հայտնի խոսք՝ ինչքան գիրք ունես, այնքան ընկեր ունես։ Գիրքն անփոխարինելի արժեք է․ այն լայնացնում է մարդու մտահորիզոնը, ավելացնում է բառապաշարը և նպաստում կրթված համայնքի ձևավորմանը։ Ես իմ հնարավոր փոքր բաժինը դրել եմ այդ կարևոր գործում»։
Սարգիսը մեր երիտասարդներին առաջարկում է, որ վստահեն իրենց ուժերին և չկորցնեն հնարավորությունն իրենց գաղափարները ևս կյանքի կոչելուն։
Ընդգծենք, որ Awesome Foundation Javakhk-ը յուրաքանչյուր երկու ամիսը մեկ տրամադրում է 1000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ համայնքային գաղափարների իրականացման համար։




