Այսօր Ախալքալաքի մարզահամալիրում տեղի ունեցավ մարզիկների մեծարման և պարգևատրման միջոցառում, որին ներկա էին ՏԻՄ ներկայացուցիչներ, մարզիչներ, մարզիկների ընտանիքների անդամներ, երիտասարդներ և այլք։ Մեծարվեցին վերջին շրջանում մարզաշխարհում իրենց լավագույնս ներկայացրած մարզիկները՝ Գոռ Այվազյանը, Գրիշա Էլիզբարյանն ու Սոս Խաչատրյանը։
Մարզահամալիրի բեմը զարդարված էր դափնեպսակներով, Ախալքալաքի քաղաքապետարանը շնորհակալագրեր, պատվոգրեր և նվերներ հանձնեց մարզիկներին՝ որպես հարգանքի նշան հաղթանակներ բերած մեր մարզիկներին։
Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր, բժիշկ Հակոբ Չախմախչյանը 1000 լարիանոց սերտեֆիկատներ նվիրեց երեք մարզիկներին, որպեսզի մարզիկները կարողանան անվճար բժշկական ախտորոշում անցնել «Իդեալ» ախտորոշիչ բժշկական կլինիկայում։
Գոռ Այվազյան՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բրոնզե մեդալակիր
Բուդապեշտում անցկացված Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Գոռ Այվազյանն արժանացել է բրոնզե մեդալի և հայրենիք է վերադարձել հաղթական տրամադրությամբ։ Նրա նվաճումը մեծ հպարտություն է ոչ միայն ընտանիքի և մարզիչների, այլև ամբողջ շրջանի համար։
Գրիշա Էլիզբարյան՝ բրոնզե մեդալ EUBC Youth & U23 Եվրոպայի առաջնությունում
Նոյեմբերի 3–11-ը Երևանում տեղի ունեցած EUBC Youth & U23 Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Վրաստանի հավաքականը ներկայացնող ախալքալաքցի մարզիկ Գրիշա Էլիզբարյանը պայքարեց մեծ նվիրումով ու կարողացավ նվաճել բրոնզե մեդալ։ Նրա ելույթն արժանացավ մարզասերների բարձր գնահատանքին։
Սոս Խաչատրյան՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների ձյուդոյի առաջնության բրոնզե մեդալակիր
Քիշնևում անցկացված Եվրոպայի մինչև 23 տարեկանների ձյուդոյի առաջնությունում 73 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Սերբիան ներկայացնող, բայց ծնունդով Ախալքալաքից Սոս Խաչատրյանը։ Նույն քաշային կարգում Վրաստանը ներկայացնող Մաթե Բերուաշվիլին դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Վրաստանի հավաքականը խառը թիմային պայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Մարզիկները միջոցառման ընթացքում առանձնապես ոգևորված էին։ Սոս Խաչատրյանը Jnews-ի հետ զրույցում իր շնորհակալական խոսքն ուղղեց կազմակերպիչներին և համայնքին։
«Շնորհակալություն բոլոր ներկաներին և մեզ աջակցողներին։ Շատ հաճելի է գիտակցել, որ հետևում են մեզ և ոգեշնչում։ Սպորտը շատ դժվար է, բայց երբ տեսնում ես, որ քո համայնքն աջակցում է, դա կրկնակի հպարտություն է։ Մեր հայրենակիցների աջակցությունը մեզ պարտավորեցնում է ավելի լավ արդյունքներ գրանցել, և փառք Աստծո՝ մենք դա կարողանում ենք։ Արդեն 13 տարի է՝ զբաղվում եմ սպորտով։ Իմ հաջողության բանաձևը կարգապահությունն ու աշխատասիրությունն է։ Եթե քրտնաջան ես աշխատում, ուշ թե շուտ արդյունք անպայման կլինի»։
Մեծարման արարողությունն սկսվեց Վրաստանի պետական հիմնով, որից հետո հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն, վաստակաշատ մարզիչ Ատոմ Էլիզբարյանը։ Նա շնորհավորեց մեր մարզիկներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունները ոչ միայն անձնական նվաճումներ են, այլ նաև մեծ hպարտություն ամբողջ մունիցիպալիտետի համար։ Միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին տեղի պարային համույթները։






