նորություններ 8 Դեկտեմբերի, 2025 • Ի՞նչ է հայտնի Վրաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման մասին

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ Վրաստանը հունվարի 1-ից պարտադիր բժշկական ապահովագրություն կներդնի երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար: Jnews-ը որոշեց պարզաբանել, թե արդյո՞ք այս տեղեկատվությունը ճշգրիտ է, և արդյո՞ք նոր օրենքը վերաբերում է Վրաստանում բնակության թույլտվություն ունեցողներին:

Jnews-ը կապ հաստատեց Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվության չեն տիրապետում այս հարցի վերաբերյալ:

Այնուհետև Jnews-ը կապ հաստատեց Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչության հետ, որտեղ հաստատեցին, որ հունվարի 1-ից բժշկական ապահովագրությունը պարտադիր կդառնա Վրաստան այցելող ցանկացած երկրի զբոսաշրջիկների համար: Սակայն գործակալությունում նշեցին, որ նոր օրենքը վերաբերում է կոնկրետ զբոսաշրջիկներին:

Այնուամենայնիվ, նրանք չկարողացան պարզաբանել հետևյալ մանրամասները.

— Ինչպե՞ս է կոնկրետ որոշվում, թե ով է համարվում զբոսաշրջիկ։

— Արդյո՞ք օրենքը վերաբերում է Վրաստանում բնակության թույլտվություն ունեցողներին:

Գործակալությունում պատասխանեցին, որ մանրամասները ներկայումս պարզաբանվում են և հայտնի կդառնան մինչև հունվարի 1-ը:

Jnews-ը մանրամասները կհրապարակի, հենց որ դրանք հասանելի դառնան:

Հիշեցնենք, որ 2024 թվականի գարնանը սկսել էր շրջանառվել նաև տեղեկատվություն, որ զբոսաշրջիկների բժշկական ապահովագրությունը պարտադիր է դառնալու 2024 թվականի հունիսի 1-ից։ Այդ ժամանակ Պարեկային ոստիկանությունը Jnews-ին հայտնել էր, որ օրենքը չի տարածվի վրացական բնակության թույլտվություն ունեցողների վրա։

Սակայն օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը հետագայում հետաձգվել էր մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝