նորություններ 9 Դեկտեմբերի, 2025 • Ախալքալաքի որոշ դպրոցներ ձմեռը դիմավորում են բրիկետային ջեռուցմամբ

Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ դպրոցներ դեռեւս ձմռանը ջեռուցվում են բրիկետով։

Վրաստանի կառավարությունը 138 160 լարի է հատկացրել Ախալքալաքի մի շարք դպրոցներ վառելիքով ապահովելու համար։ Հատկացված գումարով  157 տոննա վառելիքային բրիկետային վառելիք է գնվել։

Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանի խոսքով՝ վճարումը չի իրականացվում տեղական բյուջեից․ գումարը փոխանցվում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից՝ նպատակային տրանսֆերով։

«Մենք կազմակերպում ենք գնումները․ պայմանագիրը ստորագրվում է մատակարարի հետ, գումարը փոխանցվում է, և դպրոցները ստանում են անհրաժեշտ բրիկետը։ Սա փայտե քառակուսի բրիկետ է, որը հեշտացնում է վառարանների վառումը, և դպրոցներում լրացուցիչ փայտ կոտրելու կարիք չկա», – նշեց Մերգելյանը։

Բրիկետային վառելիքով ջեռուցվող դպրոցներից է նաեւ Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի հանրային դպրոցը։ Jnews-ը փորձել է պարզել, թե ինչպիսին է այս դպրոցում՝ դասապայմաններն  ու ջեռուցման գործընթացը։

Բավրայի հանրային դպրոցը տարբերվում է իր կառուցվածքով։ Դպրոցը կազմված է հին և նոր մասնաշենքերից։ Նոր մասնաշենքում գործում է կենտրոնացված ջեռուցում, իսկ հին մասնաշենքում՝ վառարանային։

«Դպրոցի վեց դասասենյակ գտնվում է հին կառույցի մեջ, իսկ վեցը՝ նոր։ Հին դպրոցի դասարանները տաքացվում են վառարաններով»,- ասում է Բավրայի հանրայի դպրոցի տնօրեն Ջուլիետա Շիրինյանը։

hinunor

Նկարի ձախակողմյան մասը նոր դպրոցն է, աջակողմյան մասը հին դպրոցը 

Բավրայի դպրոցն այս տարի ստացել է 9 տոննա բրիկետ, որը, տնօրենի խոսքով, ամբողջովին բավարարում է դպրոցի տարվա պահանջարկը։

«Նոյեմբերի 1-ից արդեն վառարանները վառվում են, բայց այս տարի եղանակի պատճառով մի փոքր շուտ սկսեցինք ջեռուցումը», – ասում է Շիրինյանը։

Դպրոցում աշխատում է երկու հավաքարար, և տնօրենի խոսքով՝ վառարանային ջեռուցումը չի ստեղծում լուրջ սանիտարական խնդիրներ. տարածքը ժամանակին մաքրվում է։

«Ինքներդ տեսնում եք, ինչքան մաքուր է դասարանները։ Ունենք սանհանգույց, հավաքարարների համար բոլոր պայմանները կան մաքրելու համար», — ասաց տնօրենը։

Բավրայի հանրային դպրոցի տնօրեն Ջուլիետա Շիրինյանի միջնորդությամբ «Կարիտաս» բարեգործական կազմակերպության միջոցներով իրականացել է դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը։

«2015 թվականին սկսվել է նոր դպրոցի կառուցումը։ Անձամբ դիմել եմ հայր Համայակին, և նրա միջոցով՝ կաթոլիկական աշխարհի աջակցությամբ, «Կարիտասի» ֆինանսավորմամբ կառուցումն իրականացվել է։ Աշխատանքները տևել են երկու տարի։ Այդ ընթացքում ես դեռ տնօրեն չէի»,-  նշում է դպրոցի տնօրենը։

nordprocc

Բավրայի դպրոցում ներկայում սովորում է 103 աշակերտ։ Դպրոցի հին մասնաշենքի վերանորոգման ծրագրեր դեռեւս չկան։

Տիկին Շիրինյանի խոսքով՝ դպրոցի ընդհանուր շենքը որևէ լուրջ խնդիր չունի․ պատուհաններն ու կտուրը նորմալ վիճակում են, խոնավություն չկա, և դասասենյակների ընդհանուր պայմանները բավարար են ուսուցման համար։

Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ընդհանուր առմամբ, դպրոցներն արդեն ապահովված են բրիկետով, գազ չունեցող գյուղերում ջեռուցումն իրականացվում է հենց այս վառելիքով։

Ի դեպ Բավրայի դպրոցը մունիցիպալիտետի այն եզակի կրթօջախներից է, որտեղ աշակերտներն արդեն երկրորդ տարին է սև–սպիտակ համազգեստով են հաճախում դպրոց։ Սա համընկնում է Վրաստանի ԿԳ նախարարության նոր որոշման հետ, որ դպրոցական համազգեստը պարտադիր կդառնա հաջորդ ուսումնական տարվանից։

formaa

«Ինչ վերաբերում է դպրոցական համազգեստներին՝ դրանք ամբողջությամբ ձեռք են բերվում ծնողների կողմից։ Պետությունից կամ դպրոցից համազգեստի ապահովման ուղղությամբ որևէ աջակցություն չկա»,- ընդգծում է դպրոցի տնօրենը։

ՀավելումՎառելիքային բրիկետը դա կոշտ վառելիքի տեսակ է, այլ կերպ՝ սովորական վառելափայտ կամ ածուխ, որն իրենից ներկայացնում է փայտամշակման թափոններից սեղմված զանգված (թեփեր, տաշեղներ, կեղևներ և այլն), գյուղտնտեսության մեջ՝ (խոտ, ծղոտ, սոճու փշատերևներ, արևածաղկի սերմերի կեղևներ, բրինձ, հնդկաձավար և այլն) տորֆի, ածխի քարե հատիկներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝