Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Սուլդա գյուղում մեկնարկեց կյանքից անժամանակ հեռացած Արշակ Ափոյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարը։
Վիճակահանությունն արդեն կայացել էր, և բոլոր թիմերը գիտեին, թե ում հետ են խաղալու։ Բացման արարողության մեկնարկը տրվեց Սուլդայի մեծահասակների և երիտասարդների թիմերի միջև անցած հանդիպումով։ Խաղը տեղի ունեցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում։
Հուշամրցաշարը կազմակերպել են Սուլդայի երիտասարդները, իսկ ֆինանսական բոլոր ծախսերը հոգացել են ռուսաստանաբնակ հայրենակիցներն ու գյուղի հասարակությունը։
Մրցաշարին մասնակցելու հրավեր է ուղարկվել ավելի քան 44 ֆուտբոլային թիմի, որոնց մեծ մասն արդեն ժամանել է Սուլդա։ Թիմերի հիմնական մասը ներկայացնում է Ախալքալաքի և Նինոծմինդայի գյուղերը։
Արշակ Ափոյանը եղել է ակտիվ, կենսուրախ և համերաշխ անձնավորություն, ով մեծ սեր ու հարգանք էր վայելում համագյուղացիների շրջանում։ Նա բազմիցս մասնակցել է տարբեր սպորտաձևերում՝ հատկապես ֆուտբոլում, որտեղ առանձնանում էր իր նվիրվածությամբ ու պայքարով։ Նրա հիշատակը պատվում են Սուլդայի երիտասարդները՝ կազմակերպելով այս հուշամրցաշարը։




